Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Հիսուսը գնաց նրա տուն և նստեց ճաշելու։ Քաղաքում մի պոռնիկ կին կար, որ երբ լսեց, թե Հիսուսը փարիսեցու տանն է, մի շիշ անուշահոտ ազնիվ յուղ վերցնելով՝ եկավ փարիսեցու տուն։ Նա, հետևի կողմից Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և մազերով սրբում, համբուրում էր ոտքերը և յուղով օծում։ Փարիսեցին, որ հրավիրել էր Հիսուսին, տեսնելով այս՝ ասում էր ինքն իրեն.
-Եթե այս մարդը մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ է իրեն մոտեցող այս կինը, և թե ինչպիսի՛ մեղավոր կյանքով է ապրում նա։
Հիսուսն ասաց փարիսեցուն. -Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ։
-Ասա՛, Վարդապե՛տ,- ասաց նա։


Հիսուսն ասաց.
-Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր արծաթ դրամ պարտք ուներ, մյուսը՝ հիսուն։ Երբ նրանք չկարողացան դրամը վերադարձնել, պարտատերը երկուսին էլ պարտքը զիջեց։ Հիմա դո՛ւ ասա, այս երկու պարտապաններից ո՞ր մեկն ավելի կսիրի նրան։
Սիմոնը պատասխանեց.
-Ինձ այնպես է թվում, թե նա, ում ավելի շատ շնորհեց։
-Ճի՛շտ դատեցիր,- ասաց Հիսուսը։
Ապա դառնալով կնոջ կողմը՝ շարունակեց.


-Սիմո՛ն, տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես տունդ մտա, բայց դու ոտքերս լվանալու համար ջուր չտվեցիր, մինչ սա իր արցունքներո՛վ թրջեց ոտքերս և իր մազերո՛վ սրբեց։ Դու բարի գալուստի մի համբույր չտվեցիր ինձ, մինչ սա տունդ մտնելուցս ի վեր չդադարեց ոտքերս համբուրելուց։ Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, մինչ սա անուշահոտ յուղով ոտքերս օծեց։ Ուստի ասում եմ քեզ, քանի որ նա շատ սիրեց ինձ, իր բազմաթիվ մեղքերը ներված են իրեն։ Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում։
Ապա ասաց կնոջը. -Քո մեղքերը ներված են քեզ։
Նրանք, որ միասին սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում.
-Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքերն է ներում։
Իսկ Հիսուսն ասաց կնոջը. -Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ։


(Ղուկասի ավետարան 7:36-50)