Մի կողմ թողնելով «Իմ քայլը» շարժման քաղաքական արդյունքի, նպատակահարմարության, ավելի գլոբալ իրողությունների վրա դրա բացասական ազդեցության և մնացած այլ ոչ դրական իրողությունների նկատմամբ իմ համոզմունքները (վերոգրյաի մասին՝ ամսի 17-ից հետո)՝ գրեմ գործընթացի ամենադրական կողմը։
«Իմ քայլը» շարժումն այս օրերի ընթացքում կարողացավ ապացուցել, որ Հայաստանում հնարավոր է խաղաղ անհնազանդությամբ շարժում իրականացնել։ Բռնության բացառումը դեռևս շարժման կողմից դրսևորվել է թե՛ հայտարարությունների մակարդակում, թե՛ գործնականում, և հուսով եմ՝ մինչև վերջ էլ դրանք կպահպանվեն։
Երկրորդ դրական իրողությունն առաջինի ածանցյալն է, բայց պակաս կարևոր չէ. շարժման հետևանքով հրապարակից դադարեցին հնչել բռնության և ատելության քարոզի տեքստերը, իսկ բռնությամբ հարցեր լուծողների կողմից անմիջական «լեգիտիմություն» ստացած մարդկանց խումբը «մեկուսացվեց» և դադարեցին ահաբեկչության հերոսացման փորձերը հարթակից։ Շատ կարևոր իրողություններ, որոնց ուշադրություն չդարձնելը, մեղմ ասած, կողմնակալություն կլիներ։

Հ.Գ. Հուսանք, որ շարժման ավարտից հետո վերջնականապես կավարտվեն հրապարակային ատելության խոսքի քարոզի և ահաբեկչության հերոսացման փորձերը։