Մի քանի օրում Սիրիայում նորից ամեն ինչ խառնվեց իրար: Արևմուտքը մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայի ԱԳՆ-ը պաշտոնական հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին Դումա գալու ու տեղում հետաքննություն անցկացնելու: ՌԴ-ն հերքել է քլորով ռումբի տեղեկությունը, որն իբր նետել են Ասադի զինվորականները: Մոսկվան Վաշինգտոնին «լուրջ հետևանքներով» է սպառնացել, եթե ԱՄՆ-ն Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսի՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման' հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա պնդում է, որ Դումայում քիմիական հարձակում չի եղել:

Ապրիլի 9-ի երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ քննարկել է Դումայում քիմիական զենքի կիրառման հարցը: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Ասադին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել է, որ Վաշինգտոնն արձագանքելու է հարձակմանն անկախ նրանից՝ ԱԽ-ն հավանություն կտա, թե ոչ: Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այս շաբաթ նախատեսված այցը Հարավային Ամերիկա: Թրամփը ցանկանում է մնալ Վաշինգտոնում' «Սիրիայում ստեղծված կացությանը հետևելու նպատակով»: Նա խորհրդականների հետ քննարկում է Սիրիային հզոր հարված հասցնելու հնարավորությունը, հնարավոր է' միանգամից մի քանի թիրախի և մի քանի օրում: Խոստանում են, որ հարվածն ավելի հզոր է լինելու, քան 2017-ի ապրիլինը, երբ 50 հրթիռ էր արձակվել Հոմսի ավիաբազայի վրա:

Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Կատարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիին ու նրա հետ քննարկել Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային սպառնալիքը:

Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ եթե Փարիզը որոշի հարվածել Սիրիային՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման, թիրախներ կարող են դառնալ վտանգավոր քիմիական նյութեր արտադրող օբյեկտները։ Հարվածը չի դիպչի Դամասկոսի դաշնակիցներին։

Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Սիրիայում' թիրախավորելով Իրանին, փաստացի կոնֆլիկտի մեջ ներքաշելով Լիբանանը ու Գազայի հատվածը: Իսրայելի օդային հարվածները հիմնականում հասցեագրված են Հեզբոլահին, որի մարտիկները պաշտպանում են Ասադին: Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ օդային հարվածների շնորհիվ կանխել են հեռահար հրթիռների ու թունավոր նյութերի՝ Հեզբոլահի ձեռքն անցնելը: Իսրայելի սահմանին ու Գազայի հատվածում կոնֆլիկտները ցույց են տալիս, որ պաղեստինյան Համասի հետ դիմակայությունը նորից կարող է բռնկվել: Թեպետ Սաուդյան Արաբիան պաղեստինաիսրայելական կոնֆլիկտում խաղաղ կարգավորման կողմնակից է, Համասին Էր Ռիադը չի պատրաստվում պաշտպանել: Սաուդյան Արաբիան նորից անցել է Իսրայելի կողմը' համատեղ ընդհանուր թշնամու' Իրանի դեմ պայքարի համար: Իսրայելը, սիրիական ավիաբազային հարված հասցնելով, ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը Գազայի ողբերգությունից' հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:

Բացի դրանից' Թել Ավիվն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին: «Իսրայելը ստիպված կլինի պատասխան տալ սիրիական ավիաբազային ավիահարվածի համար»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Սիրիայի ԱԳՆ-ն ենթադրում է, որ հարվածն Իսրայելի պատասխանն էր Արևելյան Գուտայում ահաբեկիչների դեմ պայքարում կառավարական զորքերի հաջողությունների:

Թվում էր' այս իրավիճակում Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանն իբրև Սիրիայի հարցում դաշնակիցներ, պետք է համախմբվեն, բայց Անկարան հարմար պահ գտավ իր անկախությունը հայտարարելու: «Թուրքիան Աֆրինը կվերադարձնի ոչ թե Բաշար Ասադի վարչակազմին, այլ այդ շրջանի բնակիչներին»,- Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ թուրքական բանակի դուրսբերումից հետո Աֆրինի վերահսկողությունը պետք է հանձնվի Սիրիայի կառավարությանը:

Մոսկվան իզուր է վստահել Էրդողանին, որ քրդերից մաքրելուց հետո Աֆրինը Ասադին կհանձնի: «Դա սխալ մոտեցում է: Մենք Աֆրինը կհանձնենք բնակիչներին, երբ գա հարմար պահը»,- հայտարարել է Էրդողանը: Թեպետ հենց ինքն էր խոստանում, որ բարեկամ Սիրիայի համար մաքրում է նրա տարածքը «ահաբեկիչներից»: Սիրիան բարեկամ է, Ասադը' թշնամի: Էրդողանը նաև հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասելու ինչպես գործել Աֆրինում' մոռանալով, որ Ռուսաստանի համաձայնությամբ Աֆրին մտավ:

Իրանը պահանջում է Աֆրինը վերադարձնել Ասադի կառավարությանը: Եվ հիմա Պուտինն ու Ռուհանին պետք է համատեղ որոշեն' ի՞նչ անել Էրդողանի հետ: Փաստացի, Էրդողանը շարունակում է դաշնակիցներին գոտկատեղից ներքև հարվածների տեխնոլոգիան: Չի բացառվում, որ նրա համար արդեն սկսվում է արևմտամերձության շրջանը' ի հաշիվ Պուտինի ու Ռուհանիի: Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարում է, բայց դեպի Մանբիջ չի շարժվում: Անկարան սպասում է, որ Թրամփը կհարվածի Դամասկոսին, ու Աֆրինը օրակարգից դուրս կգա: Կհանդուրժի՞ Պուտինն Էրդողանի խաղերը: Իսկ Ռուհանի՞ն:

Ի՞նչ կանի Դոնալդ Թրամփը: Իրո՞ք կհրթիռակոծի Սիրիան նորից, և չի՞ վերածվի դա ԱՄՆ-ՌԴ պատերազմի երրորդ երկրի տարածքում, որտեղ ՌԴ միակ դաշնակիցը կլինի Իրանը: Թրամփը նորից խորհուրդ տվեց Ռուսաստանին չհամագործակցել Ասադի հետ' «գազանի, որ սպանում է իր ժողովրդին գազով ու հաճույք է ստանում»: