Ռուսաստանի հետ վերջին կոնֆլիկտում Ֆրանսիայի նախագահն իրեն բավականին ագրեսիվ դրսևորեց, ինչի արդյունքում կարելի է եզրակացնել, որ Եվրոպայում Վլադիմիր Պուտինը, հանձինս Էմանուել Մաքրոնի նոր ընդդիմախոս ունի:

Եթե 2014-ին Գերմանիանի կանցլեր Անգելա Մերկելը հարկադրված էր քայլ առ քայլ զգուշորեն համոզել Ֆրանսուա Օլանդին, որ անհրաժեշտ է կոշտ պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիային, Սկրիպալների թունավորման դեպքում ԵՄ համաժողովում Ֆրանսիայի նախագահն էր պահանջում միանշանակ մեսիջ ուղարկել Մոսկվա: Ի տարբերություն Մերկելի' Մաքրոնը չշնորհավորեց Պուտինի վերընտրությունը, այլ սահմանափակվեց «երկրի մոդեռնացման գործում հաջողություններ մաղթելով քաղաքական, սոցիալական, տնտեսական ու ժողովրդավարական առումով»:

Ըստ էության' ներկայումս եվրոպական երեք տերությունները միասնական դիրքորոշում ունեն Ռուսաստանի հարցում: Մեծ Բրիտանիան թիկունքն է դարձնում Ռուսաստանին, իսկ Մաքրոնն ընտրում է երկակի մարտավարություն' և կոշտություն, և ներգրավվածություն: Փարիզը չբեկանեց Մաքրոնի մայիսյան ացը Սանկտ Պետերբուրգ: Ֆրանսիայի նախագահը մի քանի նպատակներ ունի' նախ նրա ծրագիրն իրոք բավականին լիբերալ է' նա վստահ է, որ ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ամրապնդումը բխում է իր երկրի շահերից: Երկրորդ' Մակրոնը մտադիր է ամրապնդել Ֆրանսիայի միջազգային դերը' դիրքերը հավասարեցնելով Գերմանիայի կանցլերի հետ: Մի կողմից Մաքրոնն ուզում է Պուտինին ցույց տալ, որ արևմտյան տարածքում չի կարող անել ինչ ցանկանում է, նա չի մոռացել ու չի ներել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության փորձերը: Մյուս կողմից' երկխոսության Փարիզի պատրաստակամությունը կոչված է վեր հանել համագործակցության հնարավորությունները նախևառաջ Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանն այսօր թելադրող է: Մերկելի համար Մաքրոնի երկակի ռազմավարությունը մեծ աջակցություն է' որքան վճռական է Մաքրոնը խաղում «գիշատչի» դերը, այնքան հեշտանում է Մերկելի «աղավնու» դերը' միջնորդական գործառնությունների: Այդ դերը գերմանացիների մեծամասնության սրտով է' նրանք ուզում են կոնֆլիկտից խուսափել Ռուսաստանի հետ, որ նախկին պես ընկալվում է իբրև սպառնալիք:

Ֆրանսիայի նախագահը բնավ էլ Պուտինի նոր ընդդիմախոսը չէ և նման խնդիր իր առաջ չի դրել' նա շատ ավելի գլոբալ նպատակ ունի' նախ Ֆրանսիային վերադարձնել աշխարհաքաղաքական խաղացողի դերը, հետո' վերակառուցել Եվրամիությունը: Իսկ այդ գործընթացներում նա կամա թե ակամա շփվելու է ՌԴ նախագահի հետ ու փորձելու է վերանայել նաև ՌԴ-ԵՄ հարաբերությունները: Չի բացառվում, որ Մաքրոնը հաջողության դեպքում ի վերջո բախվի կանցլեր Մերկելի հետ, որ համարվում է ԵՄ առաջին ջութակը, ավելի ճիշտ' ջութակահարուհին' շնորհիվ Գերմանիայի տնտեսական ցուցանիշների: