Նախօրեին Անկարայում հանդիպեցին Էրդողանը, Պուտինն ու Ռոհանին. Հանդիպման թիվ մեկ քննարկվող թեման Սիրիայի հարցն էր, որտեղ նշված լիդերները գործում են իբրև խաղի տերեր: Այս հանդիպման մեջ ընդգծված հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ Սիրիայի տարածքի վերաբերյալ նպատակային պայմանավորվածություններից բացի' արևելյան երեք երկրները ամրապնդեցին իրենց հարաբերություններն այն պահին, երբ նրանցից յուրաքանչյուրը զգալի լարվածության մեջ է Արևմուտքի հետ: Անկարայի նախագահական պալատում 3 նախագահները' ըստ հրապարակված կոմյունիկեի' կողմ են «երկարատև հրադադարի»:

Տեղում իրենց վերջին հաղթանակների հիմքի վրա 3 նախագահները ձգտում են իրականացնել իրենց առավելությունները: ՌԴ-ի ու Իրանի ուղղակի ռազմական աջակցությունը հնարավորություն տվեց Բաշար Ասադին նորից վերահսկողություն հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Գուտայի ապստամբ անկլավի վրա:

Թուրքիան հաջողությամբ իրականացրեց Աֆրինի գործողությունը' իր սահմանից հետ նետելով Դեմոկրատական միության սիրիացի քրդերին: Ի հավելումն Անկարայի հիանալի օրակարգի' Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարեց, որ ցանկանում է դուրս բերել ամերիկյան զինծառայողներին Սիրիայից: ԱՄՆ-ի դուրս գալը, որ մի քանի ժամ անց վերանայվեց, բոլորովին ազատ էր արձակելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ձեռքերը: Սիրիական դոսիեից բացի, Անկարայի հանդիպումը նախագահների համար առիթ էր միասնական ճակատով հանդես գալու Արևմուտքի առաջ մյուս հարցերում: Սկրիպալի գործով Թուրքիան համերաշխ է Ռուսաստանի հետ: Պուտինն իր հերթին աջակցեց Սիրիայի հյուսիսի քրդական շրջաններում թուրքերի միջամտությանը:.

Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքում նախագահները համատեղ հայտարարություն արեցին' ընդգծելով «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Այս ամենն ինչ խոսք մի քիչ տարօրինակ էր հնչում Էրդողանի պարագայում, որ ոչ միայն Սիրիայի տարածքում պատերազմում է քրդերի դեմ, այլև պահանջում է Ասադի գահընկեցությունը: Երեք նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը:

Նրանք հաճույքով արձանագրում են, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ 350 000 մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է արդեն 7 տարի, և համոզված են, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային և պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»' հայտարարել է Իրանի նախագահը: Ռոհանիի խոսքով՝ Սիրիայի հակառակորդները փորձում էին երկիրը մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց: Ռոհանին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցեին, որոնք ցանկանում էին, որ «Սիրիան կառավարեն ահաբեկիչները»:

Թրամփի որոշումը փոխվելուց հետո եռակողմ փոխգործակցությունը Սիրիայում վաղ թե ուշ վերածվելու է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ առճակատման, եթե փոփոխություններ չլինեն: