2016թ. ապրիլի 3-ին Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարանի ականատեսը դարձանք. մարդիկ փախչում իրենց տներից: Կապ չունի, թե ով է փախչողը՝ մենք դրա միջով անցել ենք, գիտենք, թե ինչ է երեխայի ձեռքը բռնած տունը լքելն ու կրակի տակով փախուստը: Երբ զինված մարդ է զոհվում, իմ համար ինչ-որ տեղ դա բնական է. նա զինվել է խնդիր կատարելու համար եւ գիտի, որ կարող է նաեւ ինքը զոհվել, բայց խաղաղ բնակչության ու երեխաների զոհվելն անթույլատրելի է… գեներալ Վիտալի Բալասանյան։

Ուղղակի անհնար է հիշել ապրիլյան մարտերը առանց Վիտալի Բալասանյանի։ Գեներալը իր վրա էր վերձրել Աղդամի կողմից թշնամուն կասեցնելու բարդ խնդիրը։ Նախագահ Բակո Սահակյանի համաձայնությամբ Բալասանյանը ստանձնեց այդ ուղղության հրամանատարությունը:

Բալասանյանն անշուշտ մեր բոլոր հրամանատարներից լավ գիտի այդ ուղղության տեղանքը, քանի որ ինքն էր 1993-ին ղեկավարում այդ հողերի ազատագրման գործողությունը:

Պատերազմի առաջին իսկ ժամերից մեր հրետանին Աղդամի ուղղությամբ ադրբեջանական բանակի իսկական ջարդ էր սկսել: Տեղի ադրբեջանական բնակչությունը խուճապի էր մատնվել և անկանոն փախուստի դիմել: Այդ խուճապի արդյունքում խցանվել էին ադրբեջանական կողմում գտնվող բոլոր կարևոր ճանապարհները, և առաջնագիծ ուղևորվող ադրբեջանական զորքերն ու զրահատեխնիկան հայտնվել էին թակարդում:

Հակառակորդի մի շարք հրամանատարներ, երբ իմացել էին, որ իրենց դիմաց կրկին կանգնած է Վիտալի Բալասանյանը, զորքին նահանջի հրաման էին տվել ու մարտ էին վարում առավել հեռու ու քիչ թե շատ ապահով վայրերից։