ՀՀ քաղաքական օրակարգում թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մոտ 10 օրից սպասվող զարգացումները, որոնց համաձայն Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի պառլամենտական կառավարման:

Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ' պառլամետում մեծ թվով մանդատ ստացած քաղաքական ուժը պետք է ձևավորի կառավարություն և համապատասխանաբար ներկայացնի վարչապետի թեկնածու: Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ամենայն հավանականության կներկայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ բավականին բուռն են արձագանքում, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ցայտնոտի մեջ է, կամ ուղղակի փորձում է քաղել քաղաքական մեղքերը:

Երեկ Մամուլի ազգային ակումբում Փաշինյանի մամլո ասուլիսն էր հրավիրել: Նիկոլը կարծում է, որ Ս. Սարգսյանը խախտում է Հայաստանի քաղաքացիների հետ 2014-ին կնքած «պայմանագիրը», որ այլևս երբեք չի հավակնի ղեկավար կարգավիճակի.: Նա անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիները կազմակերպվեն ու Սարգսյանին պարտադրեն կատարել «իր առաջադրած պայմանագրի պայմանները»։ ՔՊ-ի հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, նրանք են խաբվածը: ՔՊ-ն ու անձամբ ինքը այս պարագայում հանդես են գալիս իբրև ՀՀ քաղաքացի:

Փաշինյանը քաղաքական զարգացումների երկու սցենար է տեսնում' Ս.Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ կամ հաջողվում է կանխել նրա 3-րդ ժամկետը։ Նիկոլը հավատում է, որ Հայաստանի քաղաքացիները կօգտվեն ստեղծված հնարավորությունից ու կհաղթեն' իր 14+4 ճանապարհային քարտեզով:

Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների' նա դեմ է բռնությանը: Նրա բնորոշմամբ' ՔՊ-ն պատրաստ է համագործակցել իր տեսակետներին համամիտ բոլոր ուժերի հետ: Հանուն Հայաստան Պետության ճակատի հետ համագործակցության հարցը առկախված է, քանի դեռ ՀՀՊ-ում չկա պայքարի տեսակների վերաբերյալ միասնական տեսակետ: Փաշինյանը կարծում է, որ ապրիլի 10-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոնական կարգավիճակ չի ունենալու և իրենց խնդիրը նրա իշխանություն վերադարձը թույլ չտալն է: Նա պնդում է, որ 10-17-ը որևէ մեկը Հայաստանում կառավարելու իրավասություն չունի:

Իրենց «14+4» ճանապարհային քարտեզը Նիկոլ Փաշինյանը համարում է սեփական «Բորոդինոյի ճակատամարտ»: Նա սկզբունքորեն դեմ է «պատերազմին»' Հայաստանի ներսում պատերազմ մղելու ցանկություն չունենալով, բայց ընդունում է «ճակատամարտը»:

Մի քանի խոսք Բորոդինոյի ճակատամարտի մասին: Այն տեղի է ունեցել 1812-ի օգոստոսի 26-ին ռուսական հայրենական պատերազմի հայտնի ճակատամարտը Մոսկվայի մերձակա Բորոդինոյի դաշտավայրում և տևել է 12 ժամ: Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական բանակը կենտրոնում ու ձախ թևում գրավել է Միխայիլ Կուտուզովի գլխավորած ռուսական բանակի դիրքերը, բայց մարտական գործողությունների դադարից հետո վերադարձել է ելման դրություն: Ռուս պատմագրության մեջ համարվում է, որ ռուսական բանակը հաղթել է, բայց հաղթանակի հաջորդ օրը Կուտուզովը նահանջի հրաման է տվել' մեծ կորուստների պատճառով: Արևմտյան պատմագրության գնահատականով' Բորոդինոյի ճակատամարտում հաղթել է Նապոլեոն Բոնապարտը: Մեկօրյա ճակատամարտը կորուստների ընդհանուր թվով համարվում է ամենաարյունալիցը' կռվի ամեն մեկ ժամում զոհվել է 6000 զինվոր: Ֆրանսիական բանակը կորցրեց իր 25 %-ը, ռուսականը' 30 %-ը:

Փաստացի ճակատամարտում հակառակորդներից ոչ մեկը չի հասել իր ցանկալի արդյունքին' Նապոլեոնը չի ջախջախել ռուսական բանակը, Կուտուզովը չի պաշտպանել Մոսկվան: Պատմություն չգիտի՞ Նիկոլ Փաշինյանը, որ իր համար օրինակ է ընտրել Բորոդինոն, որտեղ կողմերից ոչ ոք իր խնդիրը չի լուծել, թե՞ ի սկզբանե ասում է' ինչ կա, բայց միայն «հասկացողներին»: Կամ' պատվիրատուներին:

Հ.գ. 1. Փաստացի Նիկոլը փորձում է քավել իր մեղքերը և վերադարձնել իր քաղաքական պարտքը, այդ թվում իր թիմի որոշ «չեգևարաների» առաջ:

Հ.գ. 2. Ի դեպ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից մեր ժամանակերի Օստապ Բենդերը մեկնարկեց իր քայլերթը դեպի երևան, այնպես որ ինտրիգը սկսված է: