Ընթացիկ շաբաթվա ընթացքում Սիրիայի արևելյան Դեյր Զոր նահանգում ռուս-ամերիկյան ուղղակի ռազմական բախման հնարավորությամբ բավական լուրջ միջադեպ է գրանցվել: ԱՄՆ-ի ՊՆ Ջեյմս Մետիսի հավաստմամբ՝ Եփրատի հովտում ռուս զինծառայողների հերթափոխի ընթացքում նրանք խախտել են իրենց տեղակայման նախանշված դիրքերը և բավական մոտեցել ամերիկյան ծովային հետևակի զինծառայողների զբաղեցրած դիրքերին, ինչի հետևանքով վերջինները ցանկացել են կրակ բացել «ռուսական տարրերի ուղղությամբ». ի դեպ, վերոնշյալ զարգացման հանգամանքը հաստատվել է նաև ՌԴ ՊՆ-ի կողմից:

Մինչդեռ խիստ վտանգավոր միջադեպը հնարավոր է եղել կանխել բացառապես երկու երկրների ԶՈՒ ԳՇ պետերի՝ Ջոզեֆ Դանֆորդի և Վալերի Գերասիմովի անմիջական միջամտության արդյունքում:

Վերոնշյալ միջադեպը հերթական հավաստումն է այն իրողության, որ սիրիական հակամարտության բոլոր շերտերում վերջին շրջանում արձանագրվում են բավական վտանգավոր սրացումներ, իսկ առավել կործանարար հետևանքներ կարող է ունենալ հենց Սիրիայում անմիջական ներկայություն ունեցող արտաքին դերակատարների՝ մասնավորապես գերտերությունների ուղղակի ռազմական բախման հնարավորությունը, որի հավանականությունը մեծ է հենց Դեյր Զոր, մասամբ նաև՝ հարավային Դարաա նահանգներում: