Թուրքիան գրավել է Սիրիայի մի հատվածը, սպառնում է էլ ավելի խորանալ երկրի ներսում, ինչպես նաև հայացքը հառել է Իրաքին։ Ռ․Թ․ Էրդողանը պնդում է, որ ոչ մեկ իրավունք չունի իրենց ասելու, թե ինչու՞ են գրավել Սիրիայի տարածքը, քանի որ Սիրիայի քաղաքացիները «կանչում» են թուրքերին։

Եմենի հութիները, ըստ տարբեր աղբյուրների, Սաուդյան Արաբիայի 5 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի ուղղությամբ արձակել են 7 հրթիռ ինչից հետո սաուդցիները նախազգուշացրել են Իրանին։

Մեծ Բրիտանիան, վտարելով ռուս դիվանագետներին, սահուն կերպով կուրս է վերցնում դեպի Արևելք՝ հայտարարելով, որ Եմեն-Սաուդյան Արաբիա պատերազմում անպայմանորեն սատարում է սաուդցիներին։ Այսինքն ստացվում է իրանա-բրիտանական առճակատում՝ Սաուդյան Արաբիա-Եմեն ձևաչափով։

Միացյալ Նահանգները, միջուկային համաձայնությունում փոփոխություներ կատարելու կամ իսպառ դուրս գալու՝ Դ․ Թրամփի հայտարարած վերջնաժամկետի մոտենալուն լրջորեն է պատրաստվում՝ փոխելով նախ ԱԳ նախարին, ապա ԿՀՎ ղեկավարին՝ երկու դեպքում էլ ընտրելով ակնհայտորեն ընդգծված հակաիրանական և կոշտ քաղաքականություն նախընտրող անձանց

Ֆրանսիան միջուկային համաձայնության, ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագրերի հարցում կոշտացնում է հռետորաբանությունը։

Իսրայելի վարչապետ Բ․ Նեթանյահուն պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է դուրս գա միջուկային համաձայնությունից։

Իրանի նախագահը աշխատանքային հանդիպում է անցկացնում դատական և օրենսդիրներ մարմինների ղեկավարների հետ, որտեղ կարևորում է տարածաշրջանում կայունությունը և Սիրիական ճգնաժամի շուտափույթ լուծումը՝ մեծ հույսեր կապելով Ստամբուլում նախատեսվող եռակողմ՝ Էրդողան-Պուտին-Ռուհանի հանդիպման հետ։

Իսկ մեզ մնում է ակնդետ հետևել զարգացող դեպքերին, և այս իրադարձությունների հորձանուտում ոչ միայն փորձել ճիշտ և հաշվենկատ շարժումներով խուսափել ու չբախվել ստորջրյա խութերին, այլև շահեկան, հարմարավետ, կայուն, զարգացող և հարուստ նավահանգիստներ ընտրել։