Ադրբեջանական ռուսալեզու կայքը տեղադրել է մի հարցազրույց ոմն էքսպերտի, որտեղ էքսպերտը պնդում է, որ Արցախում կա PKK-ի ռազմաբազա և իբրև թե սրա մասին ասել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվում երկօրյա այցի ժամանակ: Որքան հնարավոր էր, աչքի անցկացրի Թուրքիայի վարչապետի այդ երկու օրվա հարցազրույցների տեքստերը, ոչ մի տեղ Յըլդըրըմի խոսքում չտեսա այդպիսի բան: Յըլդըրըմը մեղադրում է Հայաստանին Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնագրավման մեջ, խոսում է 1 մլն գաղթականների մասին: Նա նաև ասում է, որ իրենք եղբայրական Ադրբեջանի կողքին են և նմանատիպ այլ բաներ, որոնք բազմիցս լսել ենք: Իսկ կոնկրետ ահաբեկիչների, առավել ևս՝ PKK-ի մասին հետևյալն է ասում. «Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում միասին են աշխատում ահաբեկչության դեմ պայքարում: Շնորհակալություն եմ հայտնում եղբայրական Ադրբեջանին PKK-PYD-YPG-ի Աֆրինում և ԻՊ-ի դեմ տարածաշրջանում պայքարում մեզ մարդկային ռեսուրսով ապահովելու համար»:


Մարտի 15-ին լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նաև Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ, Յըլդըրըմը բառացիորեն ասում է. «Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում կանգնած է Ադրբեջանի կողքին, և եթե Լեռնային Ղարաբաղից ահաբեկիչները վտանգ ներկայացնեն Ադրբեջանի համար, ապա Թուրքիան միանշանակ գործելու է»:


Իսկ որ Արցախում տեղակայված հայկական բանակին թուրքերն ու ադրբեջանցիներն ահաբեկիչներ են համարում, դա նորություն չէ: Պարզապես այստեղ ադրբեջանական քարոզչամեքենան մտցրել է PKK տերմինը և ամեն ինչ գլխի վրա շուռ տվել: