Կանադացի ամուսինների երջանկության կղզին.
Հայտնի իրողություն է, որ ամեն մարդ յուրովի է ընկալում երջանկության բանաձևը: Կանադացի արվեստագետներ Ուեյն Ադամսը և Քեթրին Կինգը համոզված են, որ գտել են իրենց երջանկությունը՝ մշտական բնակություն հաստատելով իրենց իսկ ձեռքերով կառուցված արհեստական կղզու վրա, որը գտնվում է Կանադայի արևմուտքում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու մոտակայքում: 2017 թվականի աշնանը ամուսինները նշեցին իրենց կղզու, որն իրենք անվանում են «Ազատության ծովախորշ» («Freedom Cove»), հիմնադրման քառորդ դարը: 1992-ից սկսած անընդմեջ 69-ամյա Ուեյնն ու 61-ամյա Քեթրինը բնակվում, աշխատում և ստեղծագործում են այստեղ:

Չնայած այն հանգամանքին, որ մինչև մոտակա բնակավայրը հասնելու համար ճանապարհը նավակով տևում է 45 րոպե, Ուեյնն ու Քեթրինն ապրում են միանգամայն ինքնաբավ: Կղզում կա այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է, և բացի դրանից՝ այգի, ճեմուղիներ, ջերմոցներ, գրադարան, գեղարվեստական սրահ, անգամ՝ անհատական փարոս և պարահրապարակ: Կանադացի ամուսիններն ապրում են այստեղ՝ բնության հետ ամբողջությամբ փոխկապակցված, և այդ առումով «Ազատության ծովախորշը» բոլորի համար էկոլոգիապես մաքուր ապրելակերպի կատարյալ օրինակ կարող է հանդիսանալ:

Նշենք, որ Ուեյնի ու Քեթրինի հեղինակած բարձրաճաշակ արվեստի գործերն ու հուշանվերները հաջողությամբ վաճառվում են նահանգի խանութներում: Բացի դրանից, հունիսից մինչև սեպտեմբեր տեղի գործակալությունները զբոսաշրջային այցելություններ են կազմակերպում դեպի «Ազատության ծովախորշ»: Կղզի ժամանած հյուրերը կարող են շրջել նավակներով և հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով, ինչպես նաև գիշերել հյուրասենյակներում՝ վայելելով անտառային անկրկնելի լռությունը:


Կից տեսանյութը՝ այստեղ.