Ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը Մեծ Բրիտանիայում սկիզբ դրեց այս երկու երկրների միջեւ լարվածության նոր ալիքի, հասցնելով նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազագույնի։ Մինչ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը այդ մահափորձին, Լոնդոնը ավելացնում է Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները եւ կառուցում հակառուսական դաշնակիցները բանակը, որոնք նույնպես պատրաստվում են հետեւելու նրա գործողություններին։

Ամենակարեւոր հարցը, որ այս ընթացքում քննարկում են փորձագետները, այն է, թե Պուտինի ընտրություններից մի քանի օր առաջ ինչու պետք է Ռուսաստանը գնար հարաբերությունների նոր սրման, մանավանդ, որ Սկրիպալը ակնհայտորեն չէր տիրապետում որեւէ նոր գաղտնիքի, որ կարող էր բացել բիրիտանացիների առաջ՝ ինչ որ գիտեր, նա վաղուց հայտնել էր։ Մեկնաբանների մի մասը կարծում է, որ հենց ընտրություններից առաջ էր անհրաժեշտ նման լարվածությունը, որպես ռուսաստանցի ընտրողների մոբիլիզացիայի նոր լծակ։ Վերջին պատժամիջոցներից հետո Ռուսաստանը խուսափում է լայնամասշտաբ զինվորական գործողություններ իրականացնել, նոր ռազմական արշավների դիմել, եւ նման մինիգործողությունները, որոնց անհրաժեշտ PR աջակցությունը հենց Արեւմուտքն էլ կտար, շատ հարմար նախընտրական գործիք է թվում։ Անհրաժեշտ է նկատել, որ հենց այս ընթացքում էր, որ ռուսական լրատվամիջոցներով «դավաճաններին պատժելու», «հատուցման անխոսափելիության» եւ նմանատիպ այլ կոչերով քարոզչական արշավ ընթացավ, ինչը Սկրիպալի թունավորման անհրաժեշտ ֆոն էր թվում։

Որոշ մեկնաբաններ այս գործողության նշանակությունը չեն սահմանափակում նախընտրական շրջանով, այլ համարում են, որ դրանք անհրաժեշտ պրոֆիլակտիկ գործիք են ընդդեմ ապագա դավաճանների, ովքեր ամերիկյան պատժամիջոցների գաղտնի ցուցակից խուսափելու համար կարող են դիմել այդ քայլին, կամ ինչպես ռուսական արդեն հայտնի հետերա Ձկնիկի ու Օլիգ Դերիպասկայի դեպքում է, կարող են իրադարձությունների բերումով «ծակվել»։ Նրանք կարծում են, որ Ռուսաստան-Արեւմուտք լարվածության էսկալացիայի դեպքում նման գործողությունները պարզապես անհրաժեշտ են դառնում Ռուսաստանի հատուկ ծառայությունների զինանոցում։

Ավելի լավատեսները համարում են, որ Պուտին-2018 ընտրությունները բեկունային փուլ էին Ռուսաստանի պատմության մեջ, այս ամենը զուտ նախընտրական նպատակ էին հետապնդում, եւ հերթական նախագահության արդեն վեցամյա ընթացքում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները կգնան կարգավորման։ Իհարկե, թվում է, դա ռացիոնալ լուծումն է, քանի որ ընտրությունից հետո Պուտինն այլեւս կարիք չունի 70-80 տոկոսանոց ռեյտինգ ապահովելու առճակատման գնով եւ երկիրը մեկուսացումից հանելու ու նավթի գների 140 դոլարանոց առասպելից հետո տնտեսական ապագա ապահովելու համար ճիշտը համագործակցության ճանապարհն է։ Սակայն դա չափազանց դժվար ուղի է ներկա Ռուսաստանի համար, որի հասարակությունը այս ընթացքում ոչ միայն սովորել է Արեւմուտքի հետ թշնամությանը, այլեւ այն համարում է առանձնահատուկ արժեք։

Միաժամանակ, դժվար է չխոստովանելը, որ պատժամիջոցները չեն ապահովում անհրաժեշտ արդյունքը։ Շարքային ռուսաստանցու համար իրավիճակն ընդամենը փոքր ինչ է դժվարացել, իսկ գոտին ձգելուն պատմության ընթացքում նրանք սովորել են։ Պատժամիջոցներն ուղղված են հեռանկարին եւ կարող են Կրեմլին հետագայում ստիպել գնալ զիջումների, սակայն կառավարման ներկա համակարգը դեռեւս դիմանում է այդ պրոբլեմներին, ապագայի համար մեծ ռազմավարություն չմշակելով։

Միաժամանակ, Արեմուտքն իր հակառուսական գործողություններում ունի երկու խոշորոգույն սահմանափակում։ Նա պարտավոր է մնալ օրենքների շրջանակներում, ցանկացած քայլ բխեցնել ոչ միայն երկրի անվտանգության ու միջազգային համակարգի շահերից, այլեւ տեղական օրենսդրությունից ու միջպետական իրավունքից։ Մինչդեռ Ռուսաստանը իրեն պարտավորված չի համարում գործել օրենքի սահմանափակումների մեջ, մանավանդ՝ միջազգային բնագավառում, որտեղ ինչպես հայտնի է միջազգային իրավունքը թույլ է տալիս բազմակի մեկնաբանություններ, եւ համարյա միշտ՝ ուժեղի տեսանկյունից։ Հենց այս պատճառով է Պուտինը անընդհատ հիշեցնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ ուրեմն ուժեղ է եւ կարող է օրենքները իր օգտին մեկանաբանել։

Մյուս կարեւոր սահմանափակումն այն է, որ արեւմտյան պատժամիջոցները թիրախավորում են ռուսական կառավարման համակարգը եւ օլիգարխներին, փորձելով հնարավորինս զերծ պահել շարքային ռուսաստանցիներին։ Այս հանգամանքը ուղղակիորեն ձեռնտու է Կրեմլին, որը դեռ ունի վերնախավի դիմադրության ռեսուրս՝ քանի չեն սկսել համաժողովրդական հուզումները։