Հայտնի ճշամարտություն է, որ ճգնաժամերը ոչ միայն խնդիրներ են հարուցում, այլ նաև զարգանալու լայն միտումներ են պարունակում: 2011թ. Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետևանքով Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ինչի արդյունքում տարբեր հաշվարկներով մոտ 12 մլն մարդ հումանիտար օգնություն ստանալու կարիք ունեցավ Սիրիայում և նրա սահմաններից դուրս:

 

Անմասն չմնացին նաև հայերը: Մինչև 2011թ. Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, հիմնականում՝ Հալեպում, Դամասկոսում, Դեյր Զորում, Հասաքեում, Ռակկայում, Հոմսում, ինչպես նաև Լաթաքիայում, Քեսաբում և այլ շրջաններում: Նրանց մեծ մասը լքել է Սիրիան, իսկ հեռացածների մի մասը հաստատվել է Հայաստանում: Սակայն սիրիահայերի ներգաղթը դեպի հայրենիք միանշանակ չի ընկալվում Հայաստանի ներքին և արտաքին հարթակներում:

 

Եթե ներքին հարթակի հասարակական-քաղաքական քննարկումներում նրանք հիմնականում դիտվում են որպես հայրենադարձներ, և ըստ այդմ սպասելիքներ են ձևավորվում, որ պետությունը պետք է առաջնային դերակատարություն ունենա նրանց ամենատարբեր հարցերում նեցուկ լինելու գործում, ապա արտաքին հարթակում իրավիճակը լիովին այլ է: ԵՄ-ի մի շարք երկրների, ԱՄՆ-ի և աշխարհի այլ ուժային կենտրոնների կողմից նրանք որրակվում են որպես փախստականներ, և շատ տրամաբանական կլիներ սպասել, որ Հայաստանը փորձեր օգտագործել սույն նշանակալի փաստը ԵՄ-ի համար անչափ ցավոտ միգրացիոն ճգնաժամի պատճառ դարձած այս հարցում: Մասնավորապես, փախստականների տեղավորելու ու կարգավիճակ տալու համար կարելի էր ստանալ թե՛ նյութական և թե՛ քաղաքական աջակցություն (ինչը օրինակ բավական հաջող անում է Թուրքիան):

 

Բայց հայսատնյան իրականությունը լիովին այլ է...Արդյունքում ամբողջ բեռը մնաց պետության և մասամբ որոշ հասարակական նախաձեռնությունների վրա: Հասկանալի և ոչ այնքան հասկանալի պատճառներով Հայաստանը չկարողացավ լուծել բոլոր ներգաղթյալների սոցիալական կարիքները, ինչի հետևանքով սիրիահայերի մի զգալի հատվածը նորից լքեց երկիրը, և մենք բաց թողեցինք զարգանալու հերթական հնարավորությունը..