Իրադրությունն ստիպում է վերստին անդրադառնալ Հյուսիսային Սիրիայում՝ Աֆրինի շուրջ տեղի ունեցող, Քրդական հարցին վերաբերող իրադրությանը:

Թուրքիայի և նրա խնամարկյալների՝ տխրահռչակ «սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմի մեջ մտնող թուրքմենների աչքին ամենուրեք երևում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» հատուկ նշանակության ջոկատի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին: Թուրքիայի պաշտոնական անձինք, սկսած արտգործնախարար Չավուշօղլուից, զգուշանում էին առհասարակ Իրանի և մասնավորապես ԻՀՊԿ-ի այդ գեներալի անունը տալուց: Անկարան սոսկ «մեկնաբանում» և տարածում էր Սիրիայի և Սիրիական ժողովրդական ուժերի հասցեին հնչող սպառնալիքները. այդ ուժերի կազմավորումները, չնայած Թուրքիայից հնչող բիրտ բղավոցներին և ակնարկներին, այնուամենայնիվ, եկել են Աֆրին, ընդ որում' ոչ միայն տարածաշրջան, այլև հենց համանուն քաղաքավան, թեև թուրքերն ու նրանց խամաճիկներն առայժմ շարունակում են պնդել, թե իբր իրենց գնդակոծությունները «սիրիական ուժերին ստիպել են նահանջել 10 կիլոմետր»: Սակայն համացանցային կայքերում քիչ չեն տեսանյութերը, որոնցում երևում է, որ աշխարհազորայինները հենց քաղաքում են, հենց կենտրոնական հրապարակում և սիրիական պետական դրոշի ներքո: Խուճապային տրամադրությունների գագաթնակետը փետրվարի 20-ին էր, ըստ էության, այն բանից մեկ-երկու ժամ առաջ, երբ սիրիական ժողովրդական ուժերի ջոկատներն ակնբախորեն ցույց տվեցին, որ իրենք Աֆրինում են: Անկարայից լսվում էր, որ դա «իրատեսական չէ», և որ «դա քարոզչություն է»:

Փետրվարի 21-ի առավոտից «շիական աշխարհազորայինների զորասյունը Զահրա քաղաքի շրջանում անցավ անցակետով և ուղղություն վերցրեց դեպի Աֆրինի վարչական կենտրոն՝ այնուհետև ռազմաճակատի տարբեր մասերում տեղաբաշխվելու համար»: Հայտնի դարձավ, որ փետրվարի 20-ին Աֆրին հասած աշխարհազորայինների առաջին խմբի առնվազն մի մասը տեղակայվել է առավել դժվարին ուղղությունում՝ Ջինդերես քաղաքավանի մատույցներում: Հենց այստեղ էին մեկ-երկու օր շարունակ առավել ակտիվ մարտական գործողություններն ընթանում, որովհետև թուրքերն ու ՍԱԲ-ի զինյալները ձգտում էին անպայման գրավել Ջինդերեսը՝ հուսալով երևի «օղակի» մեջ առնել Աֆրինը:

Սիրիական զինվորական հրամանատարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում քրդերը խոստացել էին նաև փոխանցել Հալեպ քաղաքի՝ իրենց հսկողության տակ գտնվող շրջանները: Ենթադրաբար, իշխանություններին կհանձնվեն Բուստան ալ-Բաշայի, Ալ-Խալկի, Բայդենի, Հայդարիայի և Այն ալ-Աբյադի շրջանները: Քրդերի հսկողության տակ կմնա միայն Հալեպի հյուսիսային Շեյխ Մաքսուդի խոշոր շրջանը: Եվ դա համապատասխանում է Reuters-ի փետրվարի 20-ին տարածված հաղորդագրությանը. «Զինված կազմավորումները Հալեպից եկել են Աֆրին: Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի մեկնաբանել կատարվածը»:

Երկու դեպքում էլ բրիտանական գործակալությունը վկայակոչում է «շիայական «Հըզբոլլահ» կուսակցության աղբյուրները: Կարող ենք ենթադրել, որ խոսքը լիբանանյան «Հըզբոլլահի» մասին է. հիմա նման վերապահությունն անհրաժեշտ է, որովհետև փետրվարի 14-ին հայտնի էր դարձել, որ գոյություն ունեն և գործում են «Հըզբոլլահի» իրաքյան ինչ-որ բրիգադներ, որոնց ներկայացուցիչ Մոհամմադ Մոհին մերկացրել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ճիշտ քանակը թաքցնելու և տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր բազաներ ստեղծելու ԱՄՆ-ի պլանները: Այսինքն՝ տարածաշրջանում կա արդեն երկու «Հըզբոլլահ» կուսակցություն, առնվազն՝ Լիբանանում և Իրաքում:

Թե ինչու են Թուրքիան և թուրքամետ «սիրիական ընդդիմությունը» վախեցած իրանցի գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիի՝ «օդում պտտվող» անունից, պարզ է դառնում ոմն Մուհաննա Ջաֆալայի խոսքից, որը հորջորջվում է վերոհիշյալ ՍԱԲ-ի կազմի մեջ մտնող «Աբու Ամարա» գումարտակի հրամանատար: Իսլամական զինյալների այս հրամանատարը պատմել է, որ Իրանի աջակցությունը վայելող ասադյան աշխարհազորների փաստացի նպատակն է հասնել շիայական Ֆուա և Քֆարիա քաղաքներ:

Շիական Ֆուա և Քֆարիա քաղաքները նույնպես Աֆրինի շրջանի տարածքում են, նրանք «գտնվում են քառամյա պաշարման մեջ», շարունակում է Ջաֆալան և բաց է անում Անկարայի խուճապային տրամադրության «տուփի բերանը». պարզվում է, որ աֆրինցի շիաները պաշտպանվում են վահաբականներից ու «ընդդիմությունից», «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մեջ մտնող ահաբեկիչներին որպես վահան օգտագործելով ասադյան «Շաբիհա» (ալավիական ժողովրդական միլիցիա) ստորաբաժանումների համար: Աֆրինի պահակախումբը բաղկացած է ասադամետ շիայականների խմբերից, ինչպիսիք են «Ալ-Նուջաբան», «Լիվա ալ-Քուդսը» և «Լիվա Մոհամմադ Բաքիրը», հայտարարել է Ջաֆալան, իսկ պահակախմբի ղեկավարը «Շաբիհա» ստորաբաժանման հրամանատար Խալեդ Հասան Ալուշն է: