Նախօրեին ՌԴ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ. ընտրության արդյունքը հայտնի է, այն ըստ էության հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու նախագահ Պուտինը: Պուտինի թիմը ապահովեց այն նշաձողը, որը սահմանել էր Ռուսաստանի նախագահը. ընտրություններին մասնակցությունը աննախադեպ բարձր էր' մոտ 70%, Պուտինը ստացել է 76,6%-ից ավելի ձայներ' երկու հեղինակավոր էքզիտ-փոլերի և քվեների 20%-ի պաշտոնական հաշվարկի արդյունքներով:

Փաստացի Պուտինը համոզիչ հաղթանակ է տանում' ստանալով մոտ 47-48 միլիոն ձայն' 2-3 միլիոն քվեով գերազանցելով 2012թ-ի իր ցուցանիշները: 2012-ի հետ համեմատությունը պատահական չէ, որովհետև նախագահական վերջին ընտրություններին հետևել են Ղրիմի 2014-ի դեպքերը:

Սա ամենևին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետև դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենևին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ: Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, և շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետևում տեսնում էին իշխանության որոշ թևերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդևին պահելու համար:

Պուտինն, ընտրությունների արդյունքներով, աշխարհին ցույց տվեց, որ ռուսաստանցիների շրջանում անցած հինգ տարիներին ավելացել է իր համակիրների թիվը, կարճ ասած' այսօր Պուտինը լեգիտիմացրեց գլոբալ հավակնություններ ունեցող Ռուսաստանի հայտը: Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ քարոզարշավը կառուցված էր հենց այս թեզ վրա, որ Ռուսաստանն ոչ թե ռեգիոնալ, այլ' գլոբալ գերտերություն է: Դրան էր ուղղված Պուտինի «միլիտարիստական» քարոզարշավը' մարտի 1-ի սկանդալային և Էպատաժային ելույթով:

Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը, ըստ էության, ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչը արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման և վերաբաշխման կոշտ գործընթացներով: Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն, մոտ 80 տոկոս:

Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաև այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, և Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, և արդյո՞ք Պուտինի առերևույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ:

Հ.գ. Ռուսական առաջնորդների մոտ կա ստանդարտ ընդունված պրակտիկա. ընտրությունների նախաշեմին բարձրացվում են կենսաթոշակները, նույնը կատարեց նաև Պուտինը: 1996թ. Ելցինը ընտրություններից առաջ իրականացրեց կենսաթոշակային բարեփոխումներ, իսկ ընտրություններից մի ամիս առաջ կրկնապատկեց նվազագույն կենսաթոշակը: 2000թ. սկզբին, գործող նախագահ Պուտինն առաջին ընտրություններից մեկ ամիս առաջ բարձրացրեց թոշակները 20 տոկոսով։ 2008թ․ նախագահի թեկնածու Մեդվեդևի ընտրվելուց առաջ նախագահական հրամանագրով ավելացան վետերանների նպաստները և բոլոր կենսաթոշակառուների համար մեկ անգամ լրացուցիչ կենսաթոշակ վճարվեց: Իսկ 2012 թ. Պուտինի վերընտրվելուց առաջ կենսաթոշակները վերանայվեցին՝ հօգուտ տարեցների։ Սակայն մեկ տարի անց այն չեղարկվեց։