ՌԴ նախագահական ընտրություններում սպասելի ու վստահ հաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի հաղթանակը հեշտ կանխատեսելի էր, սակայն այդ հաղթանակի հիմքում առկա են այն «ռեսուրսային բազաները», որի վրա հենվելով գործող նախագահը վերընտրվեց։

Պուտինն օգտագործեց ՌԴ–Արևմուտք «սառը պատերազմ–2»–ը` ազգի միավորման, համախմբման, «արտաքին թշնամիների» առկայության ֆոնին հասարակության «ուժեղ ձեռք» ունենալու սպասումները։ ԶԼՄ–ների աշխատանքը ու PR–ը տարվում է այդ «ուժեղ ձեռքի» ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության տրամաբանությամբ։

Բացի այդ, Պուտինն ունի կատարված մեծ աշխատանք`թե տնտեսական բարեկացության, պետության միասնականության`Չեչնիա և այլն, ինչպես նաև բանակի հզորության բարձրացման հարցում։ Սիրիական պատերազմում ռուսական զորքերի հաջող գործողություններն ուղղվեց Պուտինի պիառի համար, որպես գերագույն գլխավոր հրամանատարի։ Ղրիմի վերամիավորումն էլ իր հերթին ապահովեց թերակղզում` գործող նախագահի համար էլեկտորատային մեծ աջակցության։ Դրան զուգահեռ մեծ ցուցանիշներ են գրանցվել Պուտինի օգտին Չեչնիայում`դա կանխատեսելի էր, ինչպես նաև Մոսկվայում ու նրա հայրենի Սանկտ–Պետերբուրգում։

Մոսկվայում հաղթանակը ու բարձր տոկոսները բացատրվում են մայրաքաղաքում առկա «վարչական մեծ ռեսուրսով»`չինովնիկների բանակը քվեարկել է նրա օգտին, բացի այդ, վերջին տարիներին Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը`Պուտինի թիմակիցը, մեծ աշխատանքներ է տարել մայրաքաղաքի բարեկարգման ուղղությամբ`դա նույնպես լրացուցիչ ձայներ են ու պիառ հօգուտ գործող նախագահի։

Վարչական մեծ ռեսուրսները`Եդինայա Ռոսիա կուսակցության, պետական պաշտոնյաների`նահանգապետեր, քաղաքապետեր, ուժային կառույցների`բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ աջակցությունը չէր կարող իր էֆեկտը չունենար։

Բացի վարչական, ֆինանսական, պիառ և այլ հնարավորությունների, Պուտինի օգտին աշխատեց նաև թույլ ընդդիմությունը`առանց հստակ ծրագրերի, Արևմուտքի հետ սառը պատերազմի ֆոնին`Արևմուտքի հետ «լեզու գտնելու», Ղրիմը զիջելու մասին հայտարարություններն ու սև պիառն ընդդիմության դեմ արեցին իրենք գործը`ընդդիմության, լիբերալ թևի ձայները փոշիացան`կիսվեցին տարբեր թեկնածուների միջև, ինչն էլ բխում էր Կրեմլի տրամաբանությունից։

Թույլ ընդդիմության պայմաններում վսհատ հաղթանակը սպասելի էր, սակայն պետք է շեշտել գլխավորը`ռուսաստանյան էլեկտորատի մի ստվար զանգված իրոք կիսում է Պուտինի հայացքները`ՌԴ–ի հզորության, հակաարևմտյան, պահպանողական հայացքներն ու հենց այդ էլեկտորատը`վերոնշյալ «ռեսուրսային բազաների» հետ միասին տվեցին այն արդյունքը, որը հրապարակեց ռուսաստանյան ԿԸՀ–ն։