Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այն Մեծ պահքը կիսող 24-րդ օրն է՝ Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին:

Միջինքից սկսած' Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները' հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ կանայք թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում և ում բաժին ընկնի այդ դրամը, տարին բարեբեր կլինի նրա համար: Միջինքի բաղարջը կոչել են նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Ըստ հայոց հավատալիքների՝ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։

Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։

Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։ Այժմ տարածված պատկերացման համաձայն' նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։