Երբ համեմատում ենք Հայաստանի ու Վրաստանի տնտեսությունները, մի շատ կարեւոր հանգամանք ենք բաց թողնում։ Թեպետ երկու պետությունների շուկաների մասշտաբները՝ ըստ առկա բնակչության թվերի շատ չեն տարբերվում, սակայն մի քանի կարեւոր հանգամանքներ կան, որ որակապես տարբեր են ու որոշիչ։ Գերթե բոլոր ներքոբերյալ թվերը պաշտոնական են։

Վրաստանի բնակչությունը շուրջ 3,7 մլն է, Հայաստանինը՝ 2,9 մլն։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում 3880 դոլար է, Վրաստանում՝ 4120 դոլար։ Սակայն շուկաների իրական տարբերությունն շատ ավելին է, քան 240 դոլար ՀՆԱ-ի ու 800 հազար բնակչության։

Իրականում Վրաստանի ռեալ շուկան մի քանի անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը։ ՀՀ-ում իսկապես գնողունակ են, շուկայում տրամադրություն ստեղծող են շուրջ 1 մլն մարդ, մնացածն աղքատ են կամ դրան մոտ։ Սա եկամուտների ահավոր բեւեռացվածության հետեւանքն է, տնտեսական 7,7 տոկոս աճի մեծ մասը խիստ կլաստերային է, դրա համար էլ մարդկանց մեծ մասն այն չի զգում։ Այս 1 մլն-ին գումարում ենք 1,5 մլն է տուրիստ (2017 թ․-ի տվյալները), ու ստանում 2,5 միլիոնանոց շուկա։ Հիմա Վրաստանի մասին։ Էնտեղ տեղական բնակչությունից բաղկացած շուկան, կամ վճարունակ Վրաստանի քաղաքացիների թիվն ավելի շատ է՝ շուրջ 2,5 մլն։ Արդեն 2,5 անգամ մեծ է մեր շուկայից։ Պատճառները մակրո մակարդակում շատ տարբեր են՝ տուրիզմ, ծառանություններ, տրանզիտ, ներդրումներ։ Դրանք, կամ դրանցից սրացված եկամուտները հասանելի են բնակչության ավելի լայն շերտերի։

Սրան գումարում ենք շուրջ 3,8 մլն զբոսաշրջիկներին ու ստացվում է մոտ 6,3 միլիոնանոց շուկա։ Բայց պետք է հաշվի առնել եւս մեկ նրբություն, այն է՝ բացի տուրիստներից Վրաստան այցելել են շուրջ 3,8 մլն այցելուներ, որոնք այդ երկրում մնացել են 24 ժամից քիչ։ Հայաստան մոտ 1,5 մլն այցելու է եկել։ Բայց էստեղ մեծ տարբերություն կա ոչ միայն բացարձակ թվերի մեծության մասով, այլեւ դրանց որակի։ Վրաստան այցելուների մի ահագին մասն առեւտրականներ են Հայաստանից ու Ադրբեջանից։ Բերում են իրենց երկիր ավտո, սննդամթերք ու շորեղեն։ Գնումներից հետո մտնում մի տեղ մի բերան էլ հաց են ուտում ու հայդա հետ գալիս։

Ստացվում է ահագին փող են թողնում Վրաստանում։ Ամենաքիչը էդ մարդկանց թիվը մոտ 1մլն է։ ՀՀ տենց առեւտրականների հոսք չկա։ Ստացվեց, որ Վրաստանի գնողունակ շուկան իրականում մոտ 7,5 մլն է, իսկ Հայաստանինը 2,5 մլն՝ տարբերությունը եռակի է, որը ցանկացած ներդրող հաշվի է առնում ու առնելու։ Սենց բաներ։