«Արցախի ժողովուրդ» եզրը և դրա շրջանառումը փաստաթղթերում և պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվության մեջ, ըստ իս, կոպտագույն քարոզչական սխալ է․

Այդ ձևակերպման դիվանագիտական հիմնավորումներից և նրբություններից, անկեղծ ասած, տեղյակ չեմ, սակայն կարծում եմ՝ հասարակ մահկանացուներիս ընկալման մեջ «Արցախի ժողովուրդ» բնորոշումը ակամայից առաջացնում է թյուրընկալում, թե գործ ունենք քաղաքական, մշակութային կամ էթնիկական առումով ինչ-որ ժողովրդի հետ, որը տարբեր է Հայաստանի ժողովրդից, ինչը ոչ միայն կոպտագույն սխալ է և բոլորովին չի համապատասխանում իրականությանը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում , այլ նաև ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։

Բերեմ մի կոնկրետ իրական դեպք՝ ասածս ավելի հիմնավոր դարձնելու համար․ մի քանի տարի առաջ, երբ հայկական կողմի հրավերով Արցախ էր այցելել Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը, Ստեփանակերտի համալասրանում մեր գործընկերնեից մեկը ռուսերենով ներկայացնում էր Արցախի խնդիրը՝ բավական հաճախ գործածելով «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը։ Թալիշ քաղաքական գործիչը անկեղծ զարմանքով դարձավ ինձ և հարցրեց՝ «Իսկ ի՞նչ է, այստեղ ուրի՞շ ժողովուրդ է ապրում, քան Հայաստանի Հանրապետությունում»։

Եթե նույնիսկ դիվանագիտական ինչ-ինչ փաստաթղթերում կամ հայտարարություններում այդուամենայնիվ անհրաժեշտ է կիրառել «Արցախի ժողովուրդ» ձևակերպումը, կարծում եմ՝ մյուս բոլոր դեպքերում պետք է ուղղակի խուսափել այս եզրույթից՝ այն փոխարինելով «Արցախի բնակչություն» կամ «Արցախի հայություն» տարբերակներով։