Ադրբեջանում հնարավոր են համարում Թուրքմենստանի միացումը Հարավային գազային միջանցքին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։

Ըստ նրա, ԵՄ–ն Հարավային գազային միջանցքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքմեստանը համագործակցում են էներգետիկայի ոլորտում'թուրքմենական նավթն Եվրոպա է արտահանվում Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով։
Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։ Կենտրոնական Ասիայի երկրների նավթն ու գազը հետաքրքրում են Եվրոպային, որը ցանկանում են ՌԴ–Արևմուտք «սառը պատերազմի» պայմաններում նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը ռուսական գազից ու նավթից։ Կասպից ծով–Թուրքիա–ԵՄ միջանցքի կառուցումը բխում է Վաշինգտոնի շահերից։

Թուրքիան այս պայմաններում դառնում է Եվրոպան կասպյան էներգակիրներին կապող միջանցք'էներգետիկ խաբ, իսկ Ադրբեջանն էլ, որպես թուրքական, պանթուրքիստական շահերի սպասարկող Կասպից ծով–Կենտրոնական Ասիա ուղղության վրա Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի համար դառնում է «պատուհան»'ՌԴ շրջանցող միջանցքի մասնիկ դեպի Արևմուտք։