Գանձասարը վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն. գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա: XIV դարի վերջից եղել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը:

Գանձասարի վանքի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը (946–968 թթ.): Վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է Ներքին Խաչենի տեր և Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ-Դոլան 1216–38 թթ-ին (ճարտարապետ' Քարիմ): Գանձասարը եղել է առաջնորդարան, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց: Այնտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, ովքեր նպաստել են տեղի և հարակից շրջանների մշակութային կյանքի զարգացմանը: Գանձասարում էր Խաչենի իշխանների տոհմական տապանատունը:

XVII–XVIII դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ XVIII դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները: Մինչև Ղարաբաղի միացումը Ռուսաստանին (1813 թ.) Գանձասարը շարժման կենտրոնն էր: 1815 թ-ին Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, և նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը 1836 թ-ին դարձել է Շուշին:

Գանձասարի համալիրում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը), գավիթը (1261 թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը' Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (XVII դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը (1689 թ.), դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.):

Համալիրից հարավ հին գերեզմանատունն է:

Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ' խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով: Ներսում' թմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ (խոյի, ցուլի, մարդու), բեմառաջքը զարդարված է երկրաչափական քանդակներով: Ամենաուշագրավը 16-նիստանի թմբուկը և հովհարաձև վեղարն են: Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով:

Արևմտյան նիստերին քանդակված են Քրիստոսը, Ադամն ու Եվան, 2 կտիտոր (նվիրատու-պատվիրատու), իսկ հարավային նիստերին՝ ծնրադիր, լուսապսակներով մարդիկ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածամորը: Թմբուկի վրա' եզան գլխի և թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեսարանը: Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է: Համանման գավիթներ կան Հաղպատում և Մշկավանքում. ենթադրվում է, որ 3-ն էլ կառուցել է նույն ճարտարապետը:

1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը: 1923 թ-ից Գանձասարի վանքը չի գործել: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988 թ-ին: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993–1998 թթ-ին: