«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը նախագահ Սերժ Սարգսյանին հարց է տվել 2013 թվականին չստորագրված ասոցացման համաձայնագրի մասով, որին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ շատ տարօրինակ, երբ Յան Բրեմերը այդպիսի հարցադրում է անում։ Նախագահի խոսքով Հայաստանը բոլորի հետ անկեղծ է եղել, իսկ մեզ առաջարկվել է կա՛մ կա՛մ-ի քաղաքականությունը, բայց մենք որդեգրեցինք և՛ և՛-ի քաղաքականությունը, որը Եվրոպան չընդունեց։ Սարգսյանը հիշեցրել է նաև Ուկրաինայի հետ ստորագրված համաձայնագիրը, իսկ Հայաստանի առաջարկած նմանատիպ փաստաթուղթը մերժվել է։

Սա շատ կարևոր պատասխան է, սրանով պարզ է դառնում, որ Հայաստանը ժամանակին ճիշտ է կողմնորոշվել և տարիներ հետո միայն Եվրոպան համաձայնեց և՛ և՛ ի քաղաքականությանը։ Ե՛վ Եվրոպան և՛ ՌԴ-ն պետք է գիտակցեն, որ Հայաստանն ունի անձնական շահեր և այդ շահերի համատեքստում մենք համագործակցելու ենք երկու կողմերի հետ էլ, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից։ Նախագահը նշել է նաև Ուկրաինան, իսկ Ուկրաինան ընտրելով մեկ կողմն այսօր գտնվում է թե՛ տնտեսական, թե՛ քաղքական կրախի եզրին։

Այնուհետև Սերժ Սարգսյանը պատասխանել է Սադի Ջաֆարովին, ով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարն է։ Ջաֆարովի հարցը, կապված է եղել տարածաշրջանի և Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքների մասին, սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Ջաֆարովը խոսքը սկսելուց հիշատակել է իր Ղարաբաղցի լինելու հանգամանքը, որին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից»։

Այս քայլով պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ադրբեջանցի ժողովրդի հետ հայ ժողովուրդը որևէ խնդիր չունի, բայց բարիդրացիական հարաբերությունները ի չիք են լինում այն պահին, երբ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է անում։ Հույս ունենանք այս հարց ու պատասխանից հետո, պաշտոնական Ադրբեջանի ներկայացուցիչները չեն փորձի այլևս խոսել տեղահանվածների և բռնադատվածների մասին։