Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում, որին մասնակցում էր համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերին:

Երկրի ղեկավարն անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ ՀՀ ցուցաբերած պատրաստակամության և Թուրքիայի կողմից կառուցողական ջանքերի բացակայության մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների առանցքը եղել է նախագահի ելույթի առանցքային դրվագներից մեկը: Նշենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը միջազգային հեղինակավոր հարթակում երկրորդ անգամ է արծարծում հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, առաջինը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում անցած տարվա սեպտեմբերին հնչեցրած ելույթում: Ըստ էության' տրամաբանությունը նույնն է' Հայաստանը գարնանը չեղարկելու է 2009թ-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ, բավականին հեղինակավոր միջազգային հարթակից փակում է ցյուրիխյան արձանագրությունների էջը, սակայն Մյունխենում, ի տարբերություն ՄԱԿ-ում հնչեցրած ելույթի, Սերժ Սարգսյանը բաց է պահում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատուհանը' ուղիղ տեքստով ակնարկելով հնարավոր բանակցությունների, փաստաթղթերի մասին: Սարգսյանն, ըստ էության, մեսիջ է հասցեագրում, որ պաշտոնական Երևանը պատրաստ է հայ-թուրքական նոր երկխոսության:

Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների հնարավոր կարգավորումը Անկարայի քաղաքականությունն ավելի կանխատեսելի կդարձնի' ընդհանուր համատեքստում ճանապարհ բացելով հայ-թուրքական նոր երկխոսության համար: Նշենք, որ վերջին շրջանում հենց թուրքական վերնախավում ավելի հաճախ են հնչում կարծիքներ, որ հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է ձերբազատել ադրբեջանական գործոնից, իսկ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները որոշակի հնարավորություններ են ստեղծում, որ Թուրքիայում կարող է տեղի ունենալ ժողովրդավարական ուժերի կոնսոլիդացիա, մանավանդ, որ խոսվում է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր առաջադրման մասին:

Համաժողովում հնչեցրած թեզերի կարևոր է նաև նաև Նախագահի ելոււյթի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հնարավորության մասին շեշտադրումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը:

Հարկ է առանձնացնել նաև Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով քայլերի իրականացման մասին հայտարարությունը և այն, որ մեր երկիրը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու քայլերը:

Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի է լսել ու ընդունելի է միջազգային հանրության համար: Մյունխենում ևս անգամ ապացուցվեց, որ ադրբեջանցիները չեն կարողանում ձևակերպել իրենց հարցերը և նախագահը մշտապես կարողանում է այդ հարց ու պատասխանում հաղթող դուրս գալ՝ իրեն հատուկ ոճով և հանգստությամբ:

Նախագահն իր խոսքում փաստացի ընդգծել է, որ ԵՄ-ն մինչ սեպտեմբերի 3-ը տեղյակ է եղել ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների մասին և նույնիսկ առաջարկել ստորագրել համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: