ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (19 փետրվար 2018թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր ութերորդ

-Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշներն արհամարհում են իմաստությունն ու խրատը:

 


-Լսի՛ր, որդյակ, հորդ խրատը և մի՛ մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկե մանյակ ՝ քո պարանոցին: Որդյա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ-ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից, հափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը»։

 

Որդյա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու։ Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը։ Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին։

 


Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։
(Առակաց գիրք 1:1, 7-21)