Քանի որ Աստված այնքան ողորմած եղավ մեր հանդեպ, աղաչում եմ, որ դուք ձեզ Աստծուն ընծայեք որպես նրան վերապահված կենդանի մի զոհ, որովհետև դա՛ է Աստծու ուզած հոգևոր պաշտամունքը: Միʹ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծու կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան և կատարյալ...

Ձեր սրտերը թող անկեղծ լինի: Ատեցե՛ք, ինչ որ չար է, և կառչա՛ծ մնացեք բարուն: Եղբոր նման գորովանքո՛վ սիրեցեք միմյանց: Հարգելու մեջ գերազանցե՛ք միմյանց... Հույսով ուրախացե՛ք, նեղության մեջ եղե՛ք համբերող, հարատև աղոթեցե՛ք: Կարիքի մեջ գտնվող եղբայրներին օգնեցե՛ք և միշտ հյուրասե՛ր եղեք: Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին. մի՛ անիծեք, այլ օրհնեցե՛ք...
Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք: Ջանացե՛ք անել այն, ինչ բարի է բոլորի մարդկանց աչքին: Ինչքան կարող եք, բոլորի հետ խաղա՛ղ ապրեցեք: Սիրելինե՛ր, վրեժ լուծելու մասին երբեք մի՛ մտածեք, այլ թողեք, որ Աստծու բարկությունը կատարի այն:
ՄԻ՛ ՊԱՐՏՎԻՐ ՉԱՐԻՑ, ԱՅԼ ԲԱՐԻՈ՛Վ ՀԱՂԹԻՐ ՉԱՐԻՆ:

Ոչ ոքի ոչ մի բանով պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելու պարտավորությունից, քանի որ ընկերոջը սիրողը կատարած է լինում Աստծու Օրենքը, որովհետև Աստծու պատվիրանները՝ «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ ցանկացիր», և բոլոր մյուսները խտացված են այս միակ պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»։ Ով սիրում է իր ընկերոջը, չարիք չի անի նրան։ Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծու Օրենքը լրիվ գործադրել։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 12:1-2, 9-21, 13:8-10)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան