Քսանյոթ տարի ՀՀ կառավարությունները, մեղմ ասած, վարել են պարտվողի քաղաքականություն։ Նրանք այդպես էլ չկարողացան հասնել պետական գործչի մակարդակին, չկարողացան հասկանալ, թե ինչ է պետք մեր պետությանը՝ այս տարածաշրջանում իր գոյությունն արժանապատվորեն պահելու համար, և մնացին անգրագետ, դասերից ետ մնացող, դասերից խուսափող պոռոտախոս ու անգրագետ դպրոցականի մակարդակին։

 

Սակայն ոչ մի կառավարություն չի կարող գոյատևել առանց հասարակության լայն զանգվածների աջակցության։ Նշանակում է՝ մեղավորը մեր հասարակությունն է, որ տգիտության և եսամոլության պատճառով հանդուրժել և հանդուրժելու է նման կառավարություններին։ Մեղավորը նրանք են, ովքեր իշխանության բերեցին իրենց կարծիքով իրենցից «վատ» մարդկանց՝ հուսալով այդպիսով ապահովել իրենց նախկին հեղինակության «վերականգնումը» և վերադարձը, սակայն սխալվեցին իրենց հաշվարկներում։

 

Ո՞վ է մեղավոր, նա՞, ով քաղցած գայլի առաջ մի մեծ թաս միս է դնում և մեղադրում գայլին դաժանության և ագահության համար, թե՞ գայլը, որ ընդամենը կատարում է բնությամբ իրեն վերապահված առաքելությունը։ Քսանյոթ տարի այս կառավարությունները այդպես էլ չձեռնարկեցին այնպիսի քայլեր, որոնք իրականում կապահովեն ՀՀ անվտանգությունը, և այսօր էլ նրանց միակ մտահոգությունն ընդամենը իշխանության վերարտադրությունն է։ Այս նոր նախագահի հետ կապված ամբողջ անհեթեթությունն այս ամենի վառ ապացույցն է, և անհեթեթություն է այն կարծիքը, թե իբր Ռուսաստանի համար որևէ մեկը նախընտրելի թեկնածու է և ռուսական իշխանություններն իբր թե պաշտպանում են սրան կամ նրան։

 

Ռուսաստանի համար լրիվ մեկ է, թե ով կլինի ՀՀ նախագահ․ նրանք ՀՀ վրա ազդելու տասնյակ տարբերակներ ունեն ձեռքի տակ։ Հակառակը, այսինքն, որ Ռուսաստանի համար ավելի «հետաքրքիր» կլիներ, եթե ՀՀ իշխանությունը հանկարծ հայտնվեր Գարեգին Նժդեհի նման մեկի ձեռքում, ավելի մոտ է իրականությանը։ Իսկ թե «ինչու Ռուսաստանը չի ցանկանում նման մի մարդու բերել իշխանության» հարցը շատ պարզ պատասխան ունի։ ՀՀ իշխանությունների վարած «խաղաղասիրական և ռեստորանային» քաղաքականության հետևանքով Ռուսաստանը լրիվ կորցրել է իր «հետաքրքրությունը» մեր երկրի նկատմամբ և եվրոպական երկրների նման մեզ հիշում է, երբ մեր հարևանը փորձում է անցնել սահմանագիծը։ Մեր երկրի ղեկավարները դիմում են ամբողջ աշխարհին, որ զսպեն հարևանի «ախորժակը», թե չէ իրենք կմտնեն ու կգրավեն հարևանի բոլոր «ախոռները», որտեղից շարունակ կրակում են մեր երկրի ուղղությամբ։