Հայաստանի նոր ռազմական դոկտրինի հիմքը արդեն ուրվագծվում է։ «Ազգ-բանակ» կոնցեպտը, որ մատուցվեց այս ընթացքում, հիրավի կարող է հեղափոխական նշանակություն ունենալ ինչպես բանականաշինության եւ ռազմավարության տեսանկյունից, այնպես էլ պետականաշինության առումով։

Միաժամանակ պետք է նկատել, որ այս կարեւորագույն գաղափարի ներդրումը ուղեկցվում է լուրջ խնդիրներով։ Դրանք առավել ակնհայտ դրսեւորվեցին զգացվեցին 1000-ական դրամների պատմության եւ ուսանողների տարկետման հարցի քննարկման ընթացքում։ Եղան նաեւ այլ խնդիրներ, ավելի փոքր կալիբրի։

«Ազգ-բանակի» ներդրման պրոբլեմների քննարկման համար կարեւոր է ընգծել, որ որքան էլ բանակը համարվում է Հայաստանի ամենակայացած կառույցը, հասարակությունից այն նշանակալի անջրպետված է, ավելի, քան անվտանգության նկատառումներն են պահանջում։ Այս տեսակետից պատահական չէ, որ լինելով հասարակության համար ամենավստահելի կառույցը, շատերը աշխատում են խուսափել բանակում ծառայելուց։

Մյուս կարեւոր տարածված պրոբլեմը արդարության ընկալումն է, երբ հասարակությունը տեսնում է, որ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ եւ նրանց զավակները հնարավոր ու անհնար տարբեր միջոցներով խուսափել են բանակում ծառայելուց։ Բուհերի ուսանողների համար տարկետումը վերացնելու որոշումը կրկին բարձրացրեց այս խնդիրները եւ այն կրկին հարվածեց «ազգ-բանակի» ներդրման հաջողությանը։

Իրականում զորակոչիկների շատ մեծ խումբ չէր վերաբերվում տարկետման իրավունքի վերացումը քանի որ տարկետում տրվում էր շատ քիչ թվով ուսանողների՝ ըստ գնահատակնների 1000-ից քիչ ուսանողի։ Հաճախ տարկետումը բուհերում լուրջ կոռուպցիոն ռիսկեր էր ծնում։ Գիտության զարգացման հետ հակադրման պոպուլիստական ջանքերը իրականում քննադատության չեն դիմանում Հայաստանում գիտության բացակայության պատճառով։ Սակայն տարկետման վերացման քննարկումները ունեցան լուրջ էմոցիոնալ հետեւանքներ՝ դասադուլների կոչերով, ցույցերով, երթերով, հացադուլներով։

Իրական պահանջն, իհարկե, արդարությունն էր, իսկ այն վերականգնելու, կամ գոնե մատուցելու լուրջ ջանքեր չձեռնարկվեցին։ Մինչդեռ շատ երկրներում, որոնք գտնվում են ավելի խաղաղ պայմաններում, ավելի քիչ ժողովրդավարական են, համընդհանուր մոբիլիզացիային տրվում է ոչ ֆորմալ, խիստ կարեւոր բնույթ։ Օրինակ, բացի բանակում չծառայածների հանդեպ հասարակական մերժումից, նրանց նկատմամբ կիրառվում են լուրջ սահմանափակումներ՝ ընդհուպ մինչեւ որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու արգելքը։ Տրամաբանությունը շատ պարզ է. եթե բանակում չես ծառայել, որ գիտությամբ զբաղվես, ուրեմն զբաղվի գիտությամբ, ոչ թե կառավարմամբ, իսկ եթե չես ծառայել առողջական պատճառներով, ապա քո առողջությունը հազիվ թե բավարարի պետական կառավարման ծանր գործի համար։ Օրինակ, միջինասիական երկրներից մեկում, որը նույնպես ունի հարեւանների հետ անհանգիստ սահմաններ, բանակը տրամագծորեն հակառակ կոռուպցիան մեխանիզմն է ծնել՝ ծնողները պատրաստ են լուրջ կաշառքներ տալ, որպեսզի իրենց որդիները ծառայեն բանակում, այլապես նրանց առաջ փակվում է պետական բյուրոկրատիայում տեղ ստանալու հնարավորությունը։

Նախարար Վիգեն Սարգսյանը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու եւ բանակի գեներալիտետը թարմացնելու քաղաքական աջակցություն, այդ են վկայում նրա իրականացրած աղմկոտ պաշտոնանկությունները։ Ուրեմն, «ազգ-բանակ» կոնցեպտը ներկայացնելուց, թերեւս, անհրաժեշտ էր սկսել բանակին պահանջներ դնելուց եւ նրա բարեփոխումներից, եւ ոչ թե հակառակ կողմից՝ ազգից։ Այս քայլերից հետո ոչ պոպուլյար գործողություններին՝ 1000 դրամներին եւ տարկետման վերացմանը անդրադառնալը շատ ավելի կդյուրացներ դժվար լուծումները առաջարկելը, քանի որ կընկալվեր որպես արդարության համար նախանձախնդիր եւ բանակում ռեֆորմների պատրաստ նախարարի քայլ։ Մինչդեռ քայլերը կատարվեցին հակառակ հաջորդականությամբ, ինչից տուժեց թե վստահությունը բանակի բարեփոխումների նկատմամբ, թե «ազգ-բանակի» հաջողությունը։

Շատ է խոսվում «ազգ-բանակի» եւ Իսրայելի բանակաշինության նմանության մասին։ Ըստ էության, այս երկու մոտեցումներում կան նմանության տարրեր։ Օրինակ, հայտնի է, որ սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ զինված ուժերի պայմանագրային ծառայողներ են, նրանք ծառայում են իրենց բնակության վայրերից ոչ շատ հեռու։ Այս մարդիկ հենց իրենց տունն են պաշտպանում, ինչը, ի դեպ որոշ չափով եւ բարոյապես է արգելակում արտագաղթը եւ աշխատատեղ է ստեղծում։ Սա որոշ չափով նման է իսրայելական կիբուցների օրինակին։ Մինչդեռ, այդ քաղաքականությունը չի խորացվում, նշված պայմանագրային ծառայության օրինակները չեն մասսայականցվում ու չեն ներկայացվում։

Ընդհանրապես, բանակի քարոզչությունը իրականացվում է հիմնականում հայրենասիրության պարզունակ պաթոսի միջոցով, առանց համակարգի կարեւորւթյան եւ առավելությունների ներկայացման։ Իրականում թերեւս ավելի հզոր կլիներ, որ «ազգ-բանակը» ոչ թե ներկայացվեր որպես առանձին հայտնագործություն, այլ մինչեւ ներկայացումը լուրջ հասարակական քննարկում անցներ։ Ավելին, ըստ էության սա ողջ պաշտպանության դոկտրինի, գուցե նաեւ՝ անվտանգության դոկտրինի լուրջ վերանայում է, եւ շատ ավելի ծանր կշիռ կունենար, եթե ներկայացվեր հենց այդ համատեքտում։

«Ազգ-բանակի» ներկա խնդիրները թվում են, թե PR –ի դաշտից՝ եթե ավելի լավ ներկայացվեր, եթե ավելի շատ քննարկվեր, եթե հարակից խնդիրները մեկնաբանվեն, եւ այլն։ Այս դեպքում սրանք հաղթահարելի են. Մինչդեռ եթե այստեղ հարցը քաղաքական է՝ էական նշանակություն չի տրվում ազգին եւ ավելի շատ դոկտրինը իշխանությունների կողմից ընկալվում է որպես ազգը բանակի համար, ապա ոչ միայն ներդրման խնդիրները կավելանան, այլեւ խորքային առումով այն ընդհանրապես չի աշխատի։

Աղասի Ենոքյան