Չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք՝ միանալով Հիսուս Քրիստոսին, մկրտությամբ հաղորդակից դարձանք նրա մահվանը: Այսինքն՝ մկրտությամբ թաղվեցինք նրա հետ միասին և հաղորդ եղանք մահվանը, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք ապրենք մի նոր կյանքով… Գիտենք, որ մեր միջի հին մարդը խաչակից եղավ նրան, որպեսզի մեռնի մեղանչական մարդը, որպեսզի մենք այլևս չծառայենք մեղքին: Որովհետև երբ մեկը մեռնում է, ազատվում է մեղքից: Քանի որ մենք մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ պիտի ապրենք: Գիտենք, որ Քրիստոս հարություն առավ մեռելներից և այսուհետև չի մեռնի, և մահն այլևս չի կարող տիրել նրան: Երբ նա մեռավ, մեղքի համար մեռավ, մեկընդմիշտ, և հիմա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար:


Նույնպես և դուք ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:


Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ դրանք հնազանդեցնելով իր ցանկություններին: Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծու ձեռքում:


(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 6:3-14)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան