Հիսուսի ծնողներն ամեն տարի, Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում: Երբ Հիսուս տասներկու տարեկան եղավ, նրանք Երուսաղեմ գնացին, ինչպես տոնի առթիվ սովորություն էր գնալ: Տոնակատարության ավարտին, մինչ նրանք վերադառնում էին, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում: Նրա ծնողները չանդրադարձան դրան: Մի օրվա ճանապարհ անցնելուց հետո սկսեցին նրան փնտրել ազգականների և ծանոթների մեջ:

 


Երբ չգտան, ետ դարձան Երուսաղեմ՝ այնտեղ նրան փնտրելու համար: Երեք օր հետո նրան գտան տաճարում: Տաճարի ուսուցիչների հետ նստած՝ նա լսում էր նրանց և հարցեր ուղղում: Բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, սքանչանում էին նրա իմաստության և տված պատասխանների վրա:


Ծնողները երբ տեսան Հիսուսին, ապշած մնացին: Նրա մայրն ասաց.
-Այս ի՞նչ արեցիր դու մեզ հետ, տղա՛ս. ահա հայրդ և ես տագնապած քեզ էինք փնտրում:
Հիսուս ասաց նրանց.


-Ինչո՞ւ էիք ինձ ուրիշ տեղ փնտրում. չգիտեի՞ք, որ Հորս տանը պիտի լինեմ:
Սակայն նրա ծնողներն այս խոսքերի իմաստը չհասկացան:
Հետո Հիսուս իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս ամենը պահում էր իր սրտում:


Իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց:


(Ղուկասի ավետարան 2:41-52)

 

Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում: Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ: Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը:


(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:3-7)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան