Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հրապարակել է փետրվարի 10-ին Սիրիայի ՀՕՊ համակարգերի և այդ երկրում տեղակայված իրանական տարբեր նշանակության 4 հենակետերի դեմ իրականացված ռազմագործողության քարտեզային պատկերագրումը:
Իսրայելական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ սիրիական վարչակարգը հարձակմանը պատասխանել է առնվազն 4 տեսակի ՀՕՊ համակարգերի միջոցով (Ангара (С-200, SA-5), Бук (SA-17), Куб 2К12 (SA-6 ) Печора (SA-3)), իսկ իսրայելական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցվել է Бук համակարգի կողմից. ի դեպ, 1982 թ. լիբանանյան պատերազմից հետո ռազմական ինքնաթիռի խոցումը իսրայելական օդուժի գրանցած առաջին մարտական կորուստն է:
Ընդհանուր առմամբ, թիրախավորվել են Սիրիայի Դամասկոս, Հոմս և Դարաա նահանգներում տեղակայված 12 ռազմական օբյեկտներ: Սիրիական կողմից զոհվել է 6 զինծառայող, ՑԱՀԱԼ-ը մարդկային կորուստներ չունի:
Վերոնշյալի համատեքստում, կարելի է նաև ենթադրել, որ Սիրիայի տարածքում ընթացող ռազմագործողությունների հետ կապված լուրջ միջազգային պայմանավորվածություններ են վերանայվել, համաձայն որոնց՝ սիրիական իշխանություններն ավելի ինքնուրույն և անկաշկանդ գործելու հնարավորություն են ստացել: