Թմրանյութերի օգտագործման իրավական արգելքի բացառումը բխում Է ազատության գաղափարից. մարդն ազատ է իր կյանքի և մարմնի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ընդհուպ մինչև իր մարմնի տարբեր մասերի ցանկացած վնասում կամ ինքնասպանություն։ Միջնադարում Ֆրանսիայում ինքնասպանությունը հանցագործություն էր, և ինքնասպանություն գործածների մարմինները որպես պատիժ մերկ կախում էին հրապարակներում և ամբողջ ունեցվածքը բռնագանձում հօգուտ թագավորի։

 

Հետո իրավունքի զարգացման արդյունքում մարդիկ հասկացան, որ այս պրակտիկան ոչ այլ ինչ է, քան թագավորի կողմից օրինականացված թալան, իսկ իքնասպանությունը կամ դրա փորձը հանցագործություն չէ, այլ մարդու ազատ ընտրություն, ինչը ընդունվում է մինչ օրս։ Պետությունը պարզապես իրավունք չունի մարդուն արգելելու իր մարմին ընդունելու որևէ նյութ, անկախ նրա առողջությանը կամ կյանքին հնարավոր բացասական ազդեցությունից։ Անգամ ամենամահացու թույների օգտագործումն օրենքով արգելված չէ, իսկ քանի որ թմրանյութն օրենքով արգելված է, այն դժվար ճարելու արդյունքում թանկ է, իսկ մարդիկ օգտագործում են օրինական, հետևաբար էժան այլընտրանքներ, օրինակ՝ բենզին (շատերս լսած կլինենք բենզինիստների մասին, ովքեր շատ կարճ կյանք ունեն մի քանի տարի բենզին օգտագործելով)։

 

Հետաքրքիր է, որ թմրանյութեր օգտագործելը հանցագործություն չէ նաև մեր երկրում, քանի որ դա քրեականացնող հոդվածը ուժը կորցրել է դեռ 2008 թ., սակայն դեռևս հանցագործություն է այն պահելը, իրացնելը, ինչն ըստ էության շարունակում է հանցագործություն դիտարկել օգտագործելը, քանի որ անտրամաբանական է թե առանց պահելու ինչպես պետք է անձն օգտագործի այն։ Թմրամիջոցների օգտագործման արգելումը ստեղծում է մի վիճակ, երբ այն չափազանց թանկանում է, դառնում գերշահութաբեր և նրա բիզնեսով և օգտագործմամբ սկսում են զբաղվել հանցագործները։

 

Արդյունքում՝ թմրանյութը նույնկանացվում է հանցավոր մշակույթի հետ, օգտագործողները բացասական պիտակավորումներ են ստանում (պրոպագադայի հետևանքով քչերը գիտեն, որ հայտնի թմրանյութեր օգտագործողների շարքում են Զիգմունդ Ֆրոյդը, Թոմաս Էդիսոնը, Բիլ Գեյթսը, Սթիվ Ջոբսը և այլք), իսկ շրջանառությունից ստացվող անօրինական ֆինանսներն օգտագործվում են հենց կազմակերպված հանցավորության ֆինանսավորման համար։ Նույն պատմությունը ալկոհոլի հետ է կապված, երբ 1919 թվականին ԱՄՆ-ում արգելվեց ալկոհոլի օգտագործումն ու վաճառքը, կազմակերպված հանցավորությունը իր հզորության գագաթնակետին հասավ ալկոհոլի անօրինական բիզնեսի կնքահայր Ալ Կապոնեի գլխավորությամբ։

 

Երբ ալկոհոլն օրինականացվեց, ալկոհոլի գինը նվազեց, նրանց փոխարինեցին հարկ վճարող գործարարները ու հանցավորությունը զիջեց իր դիրքերը։ Խելոք երկրներում թմրանյութերի որոշ տեսակների օգտագործումն արդեն օրինական է, իսկ իրավունքի զարգացման արդյունքում համոզված եմ՝ բոլոր տեսակների օգտագործումն ապագայում օրինականացվելու է, ինչպես ալկոհոլի և շահումով խաղերի պարագայում։

 

Անգամ հարևան Վրաստանում վերջերս մարիխուանայի քրեականացումը հակասահմանադրական ճանաչվեց և հնրավորություն տրվեց մինչև 5 գ չորացված կամ մինչև 10 գ թարմ մարիխուանա պահել անձնական օգտագործման համար, ինչը էլ ավելի է օգնելու տուրիզմին։ Միաժամանակ հասկանում եմ, որ այսքանից հետո հիմա շատերն ինձ թաքուն կամ բացահայտ մեղադրելու են թմրամոլության պրոպագանդայի, Էդ երևույթի արդարացման մեջ , բայց դե չեմ նեղվում, մարդկանց դոգմաներն ուժեղ են, նույնն է, թե իսլամական միջավայրում խոսել ալկոհոլի օգտագործման օրինականացման կամ խոզի մսի օգտակարության մասին...