Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանվի «ցանկացած հարձակումից» Սիրիայում տասնամյակների ընթացքում իր ամենախոշոր գործողությունը սկսելուց հետո:

Իսրայելը հարձակումներ է սկսել իրանական թիրախների նկատմամբ այն բանից հետո, երբ հայտարարել է, որ իրանական անօդաչու է որսացել իր տարածքում:

«Իրանն անպատկառ ձևով խախտել է Իսրայելի ինքնիշխանությունը: Նրանք Սիրիայի տարածքից իրանական անօդաչու են ուղարկել Իսրայել… Իսրայելն Իրանին և իր սիրիական հյուրընկալներին պատասխանատվության է կանչում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ իր ուղղաթիռներից մեկն իրանական անօդաչու է ոչնչացրել, որն Իսրայելի տարածք էր մտել շաբաթ: Իրանը հերքել է մեղադրանքները: Իսրայելն այնուհետև հայտարարել է, որ գործողություն է իրականացրել Սիրիայում՝ հարվածելով սիրիական և իրանական թիրախներին, ինչի ընթացքում կործանվել է իր F-16 կործանիչը:

Սիրիային սպառնում է նոր proxy war`Իրան–Իսրայել բախումը կարող է տեղափոխվել այդ բազմաչարչար երկրի տարածք։
Իսրայելը բազմաթիվ անգամ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին`Հզբոլահի ուժերին և նրանց համար առաքվող զենքերի քարավաններին։ Իսրայելի ռազմա–քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենց թույլ չեն տա Իսրայելի սահմանների երկայնքով`Սիրիայում իրանական ռազմաբազաների ստեղծում։ Հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտն` Իրան–Արևմուտք, Իրան–Սաուդյան Արաբիա, Իրան–Իսրայել հարաբերությունների սրությունը Թել–Ավիվը վճռական է տրամադրված`հարվածել այն ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալ հրեական պետության ազգային անվտանգությանը։

Իսրայելի հարվածն իրանական ուժերին կարող է саsus belli դառնալ`ուղիղ ռազմական բախման հանգեցնելով Սիրիայի և հնարավոր է նաև Լիբանանի տարածքում։ Սիրիան կարող է նմանվել Եմենին, որտեղ Իրան–Սաուդյան Արաբիա ռազմական բախումները տեղի են ունենում իրանամետ հոուսիտների և Էռ–Ռիյադի ղեկավարած արաբական կոալիցիայի միջև։

Իրան–Իսրայել ռազմական բախումը Սիրիայում էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում`ԻՊ–ի դեռևս կանգուն բջիջները կարող են օգտվել այդ բախումից և հակագրոհի անցել։ Բացի այդ, Ասադի ուժերը կօգնեն դաշնակից Իրանին, իսկ դա նշանակում է «թույլ օղակներ» կառաջանան սիրիական ռազմական թատերաբեմի տարբեր հատվածներում`դրանից կարող են օգտվել թե քրդերը, թե թուրքամետ ուժերը Իդլիբում և այլն։

ՌԴ–ն այդ պարագայում կհայտնվի բավականին բարդ իրավիճակում`Իրանի հետ Մոսկվան իրականացնում է բազմաթիվ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ծրագրեր, իսկ Իսրայելի հետ էլ այս պահին ՌԴ ունի բարձր մակարդակի հարաբերություններ, ՌԴ–ում առկա է ուժեղ հրեական լոբբին`տնտեսական, քաղաքական, ուժային։
Իսրայել–Իրան ռազմական բախումը կընդգրկի նաև Լիբանանը`Հզբոլահը հարվածելու է Իսրայելի հյուսիսին, իսրայելական ուժերն էլ նախկինի պես մտնեն Լիբանանի տարածք`ստեղծելով «բուֆերային գոտի», ինչը կարող է Լիբանանում նոր սուննի–շիա բախումների, քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ, ինչն էլ կանդադառնա տեղի հայ համայքնի վրա`բերելով լիբանանահայության գաղթին դեպի Արևմուտք ու մի մասով հնարավոր է նաև ՀՀ։