Հիսուսը դարձյալ ասաց նրանց.
-Ահա ես գնում եմ, դուք պիտի փնտրեք ինձ, բայց մեռնեք ձեր մեղքի մեջ, որովհետև դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում։

 


Հրեաները հարցնում էին միմյանց.
-Ասում է, թե դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում, արդյոք անձնասպա՞ն է լինելու։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք այս աշխարհին եք պատկանում, բայց ես վերևից եմ գալիս. դուք այս աշխարհից եք, բայց ես այս աշխարհից չեմ։ Ահա սրա համար ասացի ձեզ, պիտի մեռնեք ձեր մեղքերի մեջ։ Այո՛, եթե չհավատաք, որ Ես եմ, պիտի մեռնեք ձեր մեղքերի մեջ։
Նրանք հարցրին.
-Ո՞վ ես դու։


-Նա, որ սկզբից ևեթ խոսում է ձեզ հետ,-պատասխանեց Հիսուսը,- ձեր մասին շատ ասելիքներ ունեմ և շատ բաներ՝ ձեզ դատապարտելու համար։ Բայց նա, ով ուղարկեց ինձ, ճշմարիտ է, և ես հիմա այս աշխարհին ասում եմ այն, ինչ որ լսել եմ նրանից։
Սակայն նրանք չհասկացան, որ Հիսուսը Հոր մասին էր խոսում։ Ուստի ասաց նրանց.
-Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, որ Ես եմ, և թե ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ խոսում եմ այն, ինչ իմ Հայրը սովորեցրեց ինձ։ Եվ նա, ով ինձ ուղարկեց, ինձ հետ է։ Նա ինձ մենակ չթողեց, որովհետև միշտ կատարում եմ այն, ինչ հաճելի է նրան։
Այս խոսքերի վրա շատերը հավատացին Հիսուսին։
(Հովհաննեսի ավետարան 8:21-30)

Հիշեցրո՛ւ բոլորին, որ հնազանդվեն և հպատակվեն պետական իշխանություններին և պատրաստ լինեն ամեն տեսակ բարի ծառայություն մատուցելու։ Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված։ Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց։


Բայց հետո Աստված՝ մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց մեզ ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ։ Աստված մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին առատորեն թափեց մեզ վրա, որպեսզի Քրիստոսի շնորհով արդարացած՝ ժառանգենք հավիտենական կյանքը, որի հույսն ունենք։

 

Ինչ որ ասում եմ, ստույգ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս կետերի վրա, որպեսզի Աստծուն հավատացողները հետամուտ լինեն բարի գործերի, որովհետև ա՛յդ է բարին և օգտակարը մարդկանց համար։ Մյուս կողմից՝ խուսափի՛ր հիմար վեճերից, ազգաբանական ցանկերով զբաղվելուց, Մովսիսական Օրենքի շուրջ ստեղծված բանավեճերից ու բանակռիվներից, որովհետև դրանք անօգուտ են և անիմաստ։ Ճշմարտությունից հեռացած որևէ անձի մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո երբ տեսնես, որ անօգուտ է, կապերդ խզի՛ր նրա հետ՝ իմանալով, որ նա մոլորվածի մեկն է և մեղքի մեջ է մնում՝ ինքն իր դատապարտության պատճառ դառնալով։


(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 3:1-12)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան