ՀՀ 4-րդ նախագահի սիմվոլիկ լիազորությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Արմեն Սարգսյանն այս պահին շարունակում է գտնվել արտերկրում ու ունենալ հանդիպումներ, որոնք արարողակարգային բնույթ են կրում հիմնականում ու որոնք, ի դեպ, կազմում են զարգացած պետությունների քաղաքական մշակույթի մի մասը։

 

Վերադառնալուն պես նա հանդիպելու է արդեն հայկական քաղաքական ուժերի հետ, ավելի ճիշտ՝ վերսկելու է հանդիպումների շարքը, քանի որ մի քանիսի հետ արդեն հանդիպել է։ Շատ հետաքրքիր է, թե արտախորհրդարանական ուժերից հատկապես որ ուժերի հետ է հանդիպելու, ու ինչպիսին կլինեն այդ հանդիպումներից հետո այդ ուժերի կարծիքները։ Բնական է, որ առայժմ ավելի շատ միմյանց ուսումնասիրման գործընթաց է գնում, որովհետև Հայաստանի 4-րդ նախագահը քաղաքական իրականության մեջ նախադեպ է մեզ համար։

 

Մենք չենք ունեցել այդպիսի լիազորություններով այլ նախագահ, որի վերաբերյալ կարողանանք կարծիք կազմել այս կամ այն հարցի վերաբերյալ։ Հայաստանում քաղաքականությունը չափազանց անձնավորված է, ու այդ անձնավորվածությունը շատ հաճախ ավելի մեծ ազդեցություն է ունենում գործընթացների վրա, քան այն սահմանադրությամբ ամրագրված գործառույթները։ Այնպես որ, այս պարագայում ևս շատ բան կախված է լինելու Հայաստանի ապագա նախագահի դիրքորոշումներից, մոտեցումներից, ազդեցությունից և այլն։ Դա, իհարկե, մեկ օրվա գործ չէ, ու ոչ էլ սպոնտան լուծումներ է պահանջում, սակայն եթե խոսում ենք փոփոխություններից, ուրեմն՝ մի որոշ ժամանակ հետո մենք պետք է որ զգանք այդ փոփոխությունների առաջին ծիլերը։

 

Արմեն Սարգսյանի խնդիրը պետք է լինի հասարակական հարաբերությունների վերաիմաստավորումն ու վերաձևակերպումը։ Ինստիտուցիոնալ մոտեցումների տեղայնացումը հաջող փորձարկման դեպքում կարող է շեշտակի փոփոխություններ բերել մարդկանց կենցաղ։ Այնպես որ, այնպես չէ, որ անելու գործ չկա, կամ Սահմանադրությունն է դրան խոչընդոտում։ Ապագա նախագահն անելու շատ բան ունի, ու հուսանք՝ վերջապես ձեռնամուխ կլինի դրանց կատարմանը։