ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (2 փետրվար 2018թ.)

Տաղավարահարաց տոնակատարության մոտավորապես կեսին Հիսուսը տաճար ելավ և սկսեց ուսուցանել։ Հրեաները զարմանում էին և ասում.
-Այս մարդը ինչպե՞ս գիտե Սուրբ գրքերը, երբ դրանք բնավ չի սովորել։
Հիսուսը պատասխանեց նրանց.

 


-Ինչ որ ուսուցանում եմ ձեզ, իմ վարդապետությունը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Ով որ ուզում է Աստծու կամքը կատարել, կհասկանա, թե Աստծո՞ւց է արդյոք այս վարդապետությունը, թե՞ ես իմ հեղինակությամբ եմ խոսում։ Ով որ իր հեղինակությամբ է խոսում, իր անձի համար է փառք փնտրում, իսկ ով որ փնտրում է իրեն ուղարկողի փառքը, նա ճշմարիտ է, և խաբեություն չկա նրա մեջ։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց. բայց ձեզանից ոչ ոք Օրենքին չի հնազանդվում։ Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ։
Ժողովուրդը պատասխանեց.

 


-Դիվահա՞ր ես, ի՞նչ ես, ո՞վ է ուզում քեզ սպանել։
Հիսուսը պատասխանեց.
-Մի հրաշք գործեցի, և բոլորդ էլ վրդովվել եք։ Մովսեսը հրահանգեց թլփատել ձեր որդիներին (թեև Մովսեսը չէր, որ սկսեց, այլ ձեր նախահայրերը), և դուք նրանց թլփատում եք շաբաթ օրով։ Եթե դուք շաբաթ օրով թլփատում եք մեկին, որպեսզի չբեկանվի Մովսեսի Օրենքը, ինչո՞ւ եք իմ դեմ զայրացած այն բանի համար, որ մի մարդու ամբողջապես բժշկեցի շաբաթ օրով։
(Հովհաննեսի ավետարան 7:14-23)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան