Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր ուզում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա ղեկավարներն ուզում էին սպանել նրան։ Երբ հրեաների Տաղավարահարաց տոնը մոտեցավ, Հիսուսի եղբայրներն ասացին նրան.
-Ե՛լ այստեղից և գնա՛ Հրեաստան, որպեսզի քո հետևորդներն էլ տեսնեն այն գործերը, որ դու կատարում ես. որովհետև ով որ ուզում է մարդկանց մեջ հայտնի լինել, թաքուն չի գործում։ Եթե դու այս գործերը կատարում ես, ուրեմն քեզ ճանաչե՛լ տուր աշխարհին։
Արդարև, նրա եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ Հիսուսն ասաց նրանց.
-Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար ժամանակի հարց չկա։ Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև երբ ես խոսում եմ աշխարհի մասին, վկայում եմ, թե մարդկանց գործերը չար են։ Դուք գնացե՛ք այդ տոնակատարությանը. ես չեմ գնա, որովհետև իմ ժամանակը դեռ չի հասել։
Այս ասաց և մնաց Գալիլեայում։ Բայց նրա եղբայրների գնալուց հետո ինքն էլ գնաց տոնակատարությանը, ոչ թե բացահայտ կերպով, այլ ծածուկ։
Տոնակատարության ժամանակ հրեա ղեկավարները Երուսաղեմում փնտրում էին Հիսուսին և հարցնում.
-Ո՞ւր է նա։
Ժողովրդի մեջ նրա մասին շշուկ կար։ Ոմանք ասում էին.
-Լավ մարդ է։
Իսկ ուրիշներն ասում էին.
-Ո՛չ, ընդհակառակը, մոլորեցնում է ժողովրդին։
Բայց ոչ ոք համարձակ չէր խոսում նրա մասին՝ վախենալով հրեա ղեկավարներից։
(Հովհաննեսի ավետարան 7:1-13)

Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։

Ուստի հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ. - Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն։ Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին։ Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին։

Գալով ինձ՝ ես արդեն իսկ իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։ Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:16-4:8)

 

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան