Հիսուս ասում է. -Սիրելինե՛ր, ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող։ Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից։ Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին։ -Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։ (Ղուկասի ավետարան 12:4-8) Էլ ի՛նչ շարունակեմ. ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի ու Սամվելի և մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։

Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։ Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար։ Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրերում կամ խոռոչներում։ Արդարև, աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։

 

Սրանք ամենքը, իրենց հավատով վկայված լինելով հանդերձ, չստացան Աստծու խոստումը, որովհետև Աստված, մեզ համար մի ավելի լավ բան նախատեսած լինելով, չուզեց, որ նրանք առանց մեզ հասնեն խոստումի իրականացմանը։ (Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:32-40)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան