Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների գլխավոր հրամանատարներից Սիփան Հեմոն մեղադրել է Ռուսաստանին իրենց դավաճանելու համար:
«Ռուսաստանն այժմ մեր դեմ պատերազմող Թուրքիայի հետ լիակատար համագործակցության մեջ է և տեղ ունի մեր դեմ բացված ռազմաճակատում: Երևում է, որ Թուրքիայի հետ պայմանավորվածության մեջ են, դա ցույց տվեց Ռուսաստանի՝ անսկզբունք պետություն լինելը: Կգա մի օր, և նրանք այս ամենի համար ներողություն կխնդրեն քրդերից»,-ասել է Հեմոն:
Հիշեցի Ագաթա Քրիստիի դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Ճեպընթացում 15 տեղից դանակահարված դիակ է հայտնաբերվում: Եվ իհարկե, սպանությունը պարզելու համար ներկայանում է հայտնի խուզարկու Էրքյուլ Պուարոն:

 

Վերջինս, հանցագործին անպայման բացահայտելու աննկուն համառությամբ, բազմաբնութ հարցաքնություններից հետո ապացուցում է, որ սպանվողի կողքի վագոն-խցերի բոլոր հարևաններն էլ կարող էին իրագործել այդ սպանությունը, քանի որ յուրաքանչյուրը ժամանակ ու հնարավորություն է ունեցել այն իրականացնել: Բայց ո՞ր մեկն է մարդասպանը: Եվ խուզարկուի քննությունը բերում է ամենաանհավանական հանգուցալուծման՝ սպանությունն իրականացրել են բոլոր 15 հարևաններն էլ, յուրաքանչյուրը հերթով մեկ դանակի հարված հասցնելով հանգուցյալին: Բանից պարզվում է, որ սպանվողը եղել է հասարակության համար միանգամայն անպիտան, վտանգավոր, այլանդակ անձնավորություն, որից որևէ օգուտ չի ստացել նրա շրջապատում և ոչ մեկը, իսկ կոնկրետ նրան սպանողներին հասցրել է առավելագույն չափով վնասներ:


Հիմա ռուսներինն է: Գալու է մի օր, երբ բոլոր ազգերը հերթով կդաշույնահարեն սրանց, գրեթե բոլորին դավաճանելու, նրանց ազգային ունեցվածքը լափելու, երկրները զարգացման հունից հետ գցելու, դարերի ընթացքում նրանց հանդեպ մշտապես կայսերապաշտական նկրտումների, հարևանների նկատմամբ իրականացրած ազգակործան գործունեության համար: