Հատկապես ֆեյսբուքում նկատած կլինեք մի սպեցիֆիկ կոնտինգենտի՝ երիտասարդ, ամբիցիոզ մարդիկ են, ովքեր ունեն ինչ-որ բիզնես (որպես կանոն՝ start up-ոտ), ովքեր չեն հոգնում պատմել իրենց բիզնեսներից ու հաջողություններից։ Սա, իհարկե, ամենևին վատ չէ ու նույնիսկ գովելի է։ Վատն այն է, որ այս կոնտինգենտին հատուկ մի շարք այլ բնութագրող երևույթներ էլ կան։ Օրինակ՝ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ինչ-որ զուգահեռ իրականության մեջ են ապրում, բայց դա էլ ոչինչ։ Ամենահարամ բանը սկսվում է, երբ այս ամբիցիոզ ու հիմնականում երիտասարդ մարդկանց մեջ զարթնում է գուրուն, մեծ ուսուցիչը, սենսեյը, Բրայան Թրեյսին ու իրենք սկսում են սովորեցնել, թե ինչպես դառնալ հաջողակ, արագ դառնալ հարուստ ու ծաղկող բիզնեսի սեփականատեր, մոտիվացվել, ճիշտ ապրել։

Սկզբում նրանք դա անում են նույն ֆեյսբուքում, հետո հավեսի են ընկնում ու սկսում են էլ գրքեր գրել, էլ թրեյնինգներ անել․․․ Այ նրանց ես անվանում եմ հայաստանյան փոքրիկ բիզնեսի մեծ Կաշպիրովսկիներ, կամ մերօրյա ալքիմիկոսներ, ովքեր համոզում են, որ գտել են փիլիսոփայական քարը ու պատրաստ են կիսվել իրենց փորձով։ Սրա մեջ ևս սարսափելի ոչինչ չլիներ, եթե չլիներ մեր իրականությունը ու դրանից բխող ռիսկերը։ Իսկ ամենամեծ ռիսկը, ըստ իս, նրանում է, որ Կաշպիրովսկիները ապակողմնորոշում են մարդկանց ու հաճախ տանում են դեպի հիասթափություն ու ֆիասկո։

Միանգամից նշեմ, որ ես բնավ այն մարդկանցից չեմ, որ համարում է, որ երկիրը՝ երկիր չէ, պետք է այստեղից փախնել ու ոչինչ չանել։ Սակայն ԵԵՉ-իստական ծայրահեղության մյուս ծայրահեղությունն էլ հենց Կաշպիրովսկիներն են, ովքեր ոսկու սարեր ու բեկումնային հաջողություններ են խոստանում սկսնակներին, եթե հետևեն իրենց փորձին, որովհետև նախ, ինչպես նշեցի, հաճախ՝ չարդարացված ոգորում են մարդկանց ու տանում ձախողման, հետո՝ ստեղծում են օբյեկտիվ իրականության իռացիոնալ պուպուշիկ պատկեր, և վերջապես՝ հաճախ, նրանք պարզապես կոմպետենտ չեն գուրու, Մեծ ուսուցիչ, սենսեյ լինելու հարցում, այն էլ՝ բիզնեսի, արտադրության ու արդյունաբերության ոլորտում։

Վերցնենք նույն Volterman-ի օրինակը։ Եկե՛ք իրերը կոչենք իրենց անունով․ մարդիկ դեռ բացի հաջող PR հոլովակից ու լավ բրեյնսթորմինգից բացի, ուրիշ բան չեն արել։ Արդյունքում՝ խոստացված ժամկետների փոխարեն արդեն 2 ամիս ավելի ուշ ժամկետ են նշել՝ դրամապանակաների մատակարարման համար ու դեռ հարց է, թե արդյո՞ք կհասցնեն այդ ժամկետներում տեղավորվել ու որ ավելի կարևոր է՝ որքանով է իրական պրոդուկտը համապատասխանելու խոստացված չափորոշիչների։ Այսքանով հանդերձ, եթե մի քիչ խորանաք, ապա կսպասեք, որ պրոյեկտի հեղինակները այս ամիսներին ավելի շատ են իրենց հաջողության գաղտնիքների, անսահման հեռանկարների, ու որ ամենածիծաղելուն է՝ մասսայական արտադրության մասին (որին դեռ չեն էլ հասել) ավելի շատ են խոսել, քան Հենրի Ֆորդը՝ իր ողջ կյանքում։

Ու սա եզակի օրինակ չէ։ Ընտրե՛ք գրեթե յուրաքանչյուր ոլորտ ու ես կմտաբերեմ առնվազն մի այդպիսի Կաշպիրովսկու, ով կամ հարաբերական հաջողություններ ունի, կամ էլ՝ ընդհանրապես չունի, բայց գրքեր է գրում, գրքերի մեջ որպես success story է ներառվում, թրեյնինգներ ու դասախոսություններ է վարում։ Ու այդ գուրուները կպատմեն իրենց հաջողության խիստ վեհ ու վերացական կողմերի մասին, բայց գրեթե ոչ մի բառ չեն ասի բիզնես սկսելու համար անհրաժեշ գլխավոր կոմպոնենտների՝ մեկնարկային կապիտալի ու մտահաղացման ծագումնաբանության մասին։ Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Կաշպիրովսկիներից մեկը պատմի, որ այդ մի քանի, մի քանի տասնյակ, կամ էլ՝ մի քանի հարյուր հազար դոլարը, որով ինքը սկսել է բիզնեսը, նրան տվել է աները, որովհետև հաջող ամուսնացել է հարուստ աղջկա հետ։ Կամ էլ հայրը, ով ինչ-որ չինովնիկ է, որը ապրիորի չէր կարող ունենալ այդպիսի գումարներ, կամ էլ մինչև հերթական «խոստումնալից» start up-ի գովքին անցնելը, մի 3 անգամ հավեսով տակ է տվել․․․ Չեք լսել իհարկե ու չեք էլ լսի, որովհետև Կաշպիրովսկիները չեն սիրում կորցնել իրենց միստիկ ու ամենագետիկ իմիջը, սակայն նրանց լսողներից ու հավատացողներից քանի-քանիսը չեն հասկանում դա։

Մի քիչ երկար ստացվեց ու անգամ չկարողացա էլ ողջ ասելիքս ասել, բայց դեռ առիթ կլինի։ Ամփոփելով, ուզում եմ միայն նշել, որ թեև ես Կաշպիրովսկի չեմ, սենսեյ ու գուրու դառնալ չեմ ուզում, ոչ էլ գրքեր եմ գրելու բիզնես հաջողությունների ու ճիշտ ապրելու մասին, բայց վստահ եմ, որ Հայաստանը՝ իր բոլոր բարդություններով ու թերություններով հանդերձ, մի տեղ է, որտեղ կարելի է լավ ապրել ու նորմալ գումար վաստակել, բայց դրա համար պետք է 3 բան՝ աշխատել ավելի շատ, քան կուզենայիր, պատրաստ լինել սկսել քչից ու մինչև լավ բիզնեսմեն/գործատեր/շեֆ դառնալը սովորել լինել լավ աշխատող/լատարող/ենթակա։