Երուսաղեմի Հայ համայնքը ձևավորվել է առավելաբար իբրև հոգևոր համայնք։ Հայ առաքելական եկեղեցին ինքն է նպաստել Երուսաղեմում հայ աշխարհիկ համայնքի կազմավորմանն ու բարգավաճմանը։ Եկեղեցին կազմակերպում է հայ ուխտավորների այցելությունները Երուսաղեմի և շրջակայքի քրիստոնեական սրբավայրեր, տնօրինում հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների գործերը, տեր կանգնում Երուսաղեմում և նրա շրջակայքում գտնվող սրբավայրերում հայ առաքելականների ավանդական իրավունքներին։

 

Ներկայումս Հայ առաքելական եկեղեցու վայելած իրավունքները հաստատվել են 1852 թվականին՝ Թուրքիայի սուլթան Աբդուլմեջիդի հրովարտակով, ու հետագայում հարգվել բրիտանական, հորդանանյան և իսրայելական իշխանությունների կողմից։ Հակառակ դժվարությունների և անհավասար պայքարի, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կարողացել է պաշտպանել հայերի իրավունքները հույն և լատին եկեղեցիների և նրանց պաշտպան տերությունների ոտնձգություններից։ Երուսաղեմի համաքրիստոնեական գլխավոր սրբատեղիների երեք ավագ պահապանները՝ հայ, հույն և լատին եկեղեցիները, պաշտոնապես ճանաչվել են Սբ. Հարության տաճարի, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարի, Գեթսեմանիի Սբ. Աստվածածին եկեղեցու, Ձիթենյաց լեռան Համբարձման մատուռի իրավատերեր։


Երուսաղեմում բնակվում են նաև փոքրաթիվ հայ կաթոլիկներ և ավետարանականներ։ Հայ կաթոլիկ առաջին հոգևորականը Երուսաղեմում հաստատվել է 1856 թվականին։ 1881 թվականից նրանք ունեն իրենց եկեղեցին։