Մեծ Մերձավոր Արևելքում նոր շիկացումներ են նկատվում: Նախօրեին թուրք զինվորականները գնդակոծել են քրդական ռազմականացված ջոկատների դիրքերը, որոնք տեղակայված են սիրիական Աֆրինում։ Նշվում է, որ այնտեղ տեղակայված է մոտ 8-10 հազար ահաբեկիչ: Հարվածները հասցվել են հունվարի 19-20-ին քրդերի օբյեկտների ուղղությամբ: Դրանց հետևանքով ոչնչացվել են YPG-ի ջոկատների ապաստանները և պահեստները: Թուրքիայի գլխավոր շտաբում Սիրիայի տարածքի ուղղությամբ հարվածները բացատրել են երկրի ինքնապաշտպանության իրավունքով: Թուրքական իշխանությունները պնդում են, որ Անկարան այլընտրանք չունի և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին Թուրքիայի հետ սահմանակից սիրիական շրջաններից:

Հունվարի 15-ին ԱՄՆ-ը հայտարարել է, որ կոալիցիան անցել է Սիրիայում «սահմանի անվտանգության նոր ուժերի» ջոկատների անդամների ուսուցման։ Թուրքիան հայտարարել էր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիքի մասին, որը ստեղծում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից թուրք-սիրիական սահմանի պահպանման համար Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների ծրագրվող նախապատրաստումը։ Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատում են՝ թուրքական զինուժը սկսել է ակտիվ գնդակոծել Աֆրինի շրջանը, և սպառնում են հակահարված տալ ամենայն խստությամբ:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախօրեին հրապարակավ հորդորել էր Թուրքիային Աֆրինում ռազմական գործողություններ չսկսել, փոխարենը ուժերը կենտրոնացնել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Ստեղծվել է մի իրավիճակ, որ արդեն երկամյա թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն է ունենում տարածաշրջանային զարգացումների, հատկապես սիրիական հակամարտության վրա:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններն ավելի սրվեցին աշնանը, երբ Էրդողանի վարչակազմը ձերբակալեց Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից, Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Թուրքական իշխանությունները պնդում էին, թե ամերիկյան դիվկորպուսի աշխատակիցը կապեր է ունեցել Էրդողանի կատաղի ընդդիմախոս, տարիներ ի վեր Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում պաշտոնական Անկարան մեղադրում է անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ: