ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (19 հունվար 2018թ.)

Հիսուս ասում է.
-Հաստատ իմացի՛ր, որ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու արքայություն, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասում եմ, թե վերստին պիտի ծնվեք: Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում: Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում:
(Հովհաննեսի ավետարան 3:5-8)

Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է Սատանայի կնիքով…
Պառավներին հատուկ և հավատը պղտորող առասպելներից ամբողջովին հեռո՛ւ մնա: Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածապաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 4:1-2, 7-8)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան