2015-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանն անցավ այլ կառավարման համակարգի. մինչ այդ գործող կիսանախագահական կամ խառը կառավարման համակարգը փոխվեց և ՀՀ-ն անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին:

Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի'որպես ինքնուրույն մարմին կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմը արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի' գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:

Ներկայումս պառլամենտական կամ խորհրդարանական կառավարման համակարգը մոլորակի շատ զարգացած երկրներում հանդիսանում է նախապատվելի կառավարման մոդել: Այս համակարգում մինչ այդ առաջնային խաղացող նախագահին փոխարինում է վարչապետը. չի կարելի ասել, որ նախագահը, ընդհանրապես, որևէ ֆունկցիա չի ունենում, այն ստանում մի յուրահատուկ խորհրդանշական կարգավիճակ' դառնում է պետության ներկայանալի առանձին այցեքարտի ինստիտուտ:

ՀՀ քաղաքական դաշտում վերջին շրջանում շարունակվում է քննարկվել, թե առաջիկա ապրիլին ինչպիսի վերադասավորումներ են սպասվում' ով կստանձնի վարչապետի պաշտոնը, սակայն մինչ այդ կա ևս հետաքրքիր գործընթաց: Մարտի 2-ին պառլամենտը կընտրի ՀՀ չորրորդ նախագահին' ազդարարելով խորհրդարանական Հայաստանի կառավարման մոդելի ստարտը:

Ինտրիգը կայանում է նրանում, որ անընդհատ շրջանառվում են նախագահի թեկնածուների տարբեր անուններ' Արկադի Ղուկասյան, Գագիկ Հարությունյան (չնայած նա հերքել էր այդ տեղեկությունը), Էդուարդ Նալբանդյան և այլք: Նախօրեին նախագահականում մտավորականության հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանն հայտարարել էր, որ Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Չփորձեմ որևէ անհատի վրա կենտրոնանալ' ուղղակի թվարկեմ որոշ խորհրդարանական երկներ և ներկայացնեմ նրանց նախագահներից մի քանիսին: Պառլամենտական երկրեն են Եվրոպայի մի շարք զարգացած պետություններ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սերբիան և այլն, Իսրայելը, Հնդկաստանը և ևս մի քանի տասնյակ պետություններ:

Թվարկված բոլոր երկրների նախագահների թվարկմամբ ձեզ չեմ ձանձրացնի. կխոսեմ Գերմանիայի, Իտալիայի և Իսրայելի նախկին նախագահների մասին:

Այս մարդիկ, չնայած ներկայացնում են խորհրդարանական պետություն, և թվում է, թե չպետք է լինեին առաջնային ֆիգուրներ, այնուամենայնիվ, իրենց քաղաքական վարքով և հասարակական համակրանքով իսկական խորհրդանիշներն են հանդիսանում:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի քաղաքական դաշտի ամենադասական քաղաքական գործիչներից մեկն է, քանի որ, ունենալով փայլումն քաղաքագիտական կրթություն, նա դրան զուգահեռ բավականին նախանձելի ուղի է անցել' փոխկանցլեր, արտաքին գործերի նախարար, իսկ մինչ այդ բավականին լուրջ պոստեր զբաղեցրել պետական ապարատի միջին օղակներում:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ի տարբերություն իր գերմանացի գործընկերոջ, իրավաբանական դաշտի ներկայացուցիչ է, իրվաբանական գիտությունների դոկտորը նաև դատավոր է աշխատել, իսկ արդեն քաղաքականությում եղած ժամանակ զբաղեցրել կրթության նախարարի պաշտոնը:

Լուսահոգի Շիմոն Պերեսի մասին մի քանի նախադասություն գրելը, համաձայնեք, որ անթույլատրելի է, որպեսզի ընկալելի լինի, թե ինչ հումանիստ ու պետականկենտրոն անհատ էր նա: Խաղաղության Նոբելյան այս մրցանակակակիրն իր փոթորկոտ կյանքում եղել է իր սիրելի Իսրայելի հետ, և անգամ 94 տարեկան հասակում' շարունակում էր արարել հանուն իր երկրի: Պետական գրեթե բոլոր լուրջ ու պատասխանատու աթոռներում աշխատած Պերեսը նախագահի դասական տեսակի օրինակ է:

Թե առաջիկայում հայ քաղաքական ուժերն ում կառաջադրեն հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ այժմ քաղաքական ինտրիգների սիրահարների համար իսկական գործելու ժամանակն է' ում մտքի թռիչքն ու ֆանտազիան, ինչքան հնարավոր է թվարկում ու ներկայացնում են տարբեր անհատների ու իրենց համար ցանկալի թեկնածուների: