ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (17 հունվար 2018թ.)

Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց.
-Վերցրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
(Հովհաննեսի ավետարան 2:13-16)

Երբ տղամարդիկ աղոթքի կանգնեն, Աստծուն բարձրացրած իրենց ձեռքերը թող լեցուն լինեն արդար գործերով և ոչ թե վրեժխնդրությամբ ու անիրավությամբ:
Կանայք իրենք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մազերի հարդարանքով կամ ոսկեղենով, մարգարիտներով կամ թանկ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որ հանձն են առել ապրել աստվածապաշտությամբ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:8-10)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան