1808 թվականի սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 9-ին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարի ներսում մեծ հրդեհ է բռնկվում: Հրդեհից հետո տերության հրովարտակով հույները՝ զրպարտելով հայերին կազմակերպեցին և Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագելու իրավունք ստացան: Զաքարիա վարդապետը (ապա պատրիարք Երուսաղեմի առաքելահաստատ Ս. Աթոռի) 1829 թվականին քաջալերվելով Սուլթան Մահմուդի բարյացկամությունից ու արդարասիրությունից՝ խորհրդակցում է Միքայել Փիշմիշյան ամիրայի հետ, ու աղերսագրով խնդրում է, որպէսզի հայերին ևս Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա վերստին պատարագելու իրավունք շնորհվի, որին շատ տարիներ հետո Ֆրանչիսկյան կրոնավորները տիրացել էին:

Սուլթանը չի զլանում այս շնորհը անել հայերին՝ անհունորեն շնորհապարտ ու երախտագետ թողելով նրանց: Կայսերական հրովարտակը տրվում է 1829 թվականի մայիսին: Գերեզմանի վրա զետեղվում են անհրաժեշտ սպասքներ, պատկերներ, որից հետո սեպտեմբերի 3-ին հայերն առաջին անգամ աստվածային խորհուրդը մատուցում են սուրբ Գերեզմանի վրա, իսկ այդ օրվա պատարագիչն էր Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցին:

Այս հիշատակարանը նվիրված է վերստին պատարագելու իրավունք ստանալուն և մեծահանդես տոներին, երբ պատարագը մատուցվում է Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա, այն զետեղվում է Գերեզմանի նախասրահում գտնվող Հրեշտակի քարի վրա, ապա պատարագի վերջում թափորով շրջում են սուրբ Գերեզմանի շուրջ:

Հիշատակարանը կրում է հետևյալ գրությունը. «Յիշեա՛ Տէր և զհոգիս ամենայն ննջեցելոց օրհնեալ ազգիս հայոց և զայնոսիկ՝ և զհոգիս ծնողաց, որք փափագանօք տնօրինեցին ի վերայ սուրբ գերեզմանիդ զպաշտօն անմահ պատարագիդ և հան մասն և բաժին՝ երախտաւորաց, պտղատուից և սպասաւորաց պահեա՛ ամենայն փորձութեանց: 1829»: