Իրանի կառավարությունը հավանություն է տվել Ադրբեջանից կես միլիարդ դոլարի վարկ վերցնելուն, որպեսզի ավարտին հասցնեն Ռեշտ-Աստարա երկաթգիծը։

Վարկը պետք է վերադարձվի յոթ տարվա ընթացքում։ Իր հերթին Հնդկաստանում այցով գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Աբբաս Ահունդին հայտարարել է, որ իրանական Աստարա և ադրբեջանական Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթգծի շինարարությունն ավարտվել է այս տարի, և այն շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ։

Բաքուն և Թեհրանը կյանքի են կոչում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը Հարավ-արևելյան Ասիան և Հյուսիսային Եվրոպան միավորելու նպատակով։

Ինչ վերաբերում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանը կարող է ավելի բարենպաստ պայմաններ տրամադրել իրանցի բեռնափոխադրողներին, ինչպես նաև արտոնյալ պայմաններ տրամադրել իրանական ապրանքներին, որոնք կտարանցվեն Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաև Վրաստանից դեպի Իրան-Պարսից ծոց ադրբեջանական տարածքով։

Դա կարող է արվել հայ-իրանական տարանցման միջանցքը տնտեսական առումով ոչ շահավետ դարձնելու համար իրանցի և վրացի բիզնեսմենները, հատկապես փոխադրողները կարող են հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանով տարանցումը կունենա լրացուցիչ ծախսեր ենթակառուցվածքների որակի, «Հյուսիս-Հարավի» անավարտ լինելու և Սյունիքի ռելիեֆի պատճառով։

ՀՀ-ն նույնպես պետք է իրանական և վրացական փոխադրողների համար ստեղծի առավելագույն նպաստավոր պայմաններ փոխադրման դյուրացման, ճանապարհների որակի բարձրացման համար Ադրբեջանի հետ «տրանսպորտային» մրցակցությանը դիմակայելու համար։
Բաքուն ու Թեհրանը երկկողմ հարաբերություններին նոր լիցք են տալիս՝ իրականացնելով էներգետիկ-տրանսպորտային նախագծեր:

Ադրբեջանական Նեֆտեչալա քաղաքում դրվել է իրանական Իրան Հոդրո մեքենաների արտադրության գործարանի հիմքը․ տարեկան այնտեղ արտադրվելու է 10.000 ավտոմեքենա, ու դա իրանական հերթական ներդրումն է ադրբեջանական տնտեսության մեջ:

Կողմերը զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը՝ Իրանի քաղաքացիները կարող են հեշտացված ընթացակարգերով այցելել Ադրբեջան, իսկ մոտակա ժամանակներս բացվում է Նախիջևան-Թեբրիզ-Մեշհեդ՝ Իրանն ու Նախիջանը կապող երկաթգիծ, որը կարող է դառնալ նաև տարանցիկ, եթե Կարսից երկաթգիծ կառուցվի մինչև Նախիջևան, ինչի մասին Բաքվի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին: