Ինչպես հայտնի է «Ելք» դաշինքը նախատեսում է հունվարի 19-ին բողոքի երթ կազմակերպել, որը կանցնի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո: Ակցիայի մասնակիցների բնորոշմամբ' այս տարվա հունվարի 1-ից թանկացումները «նոր թափով են ծավալվում», ինչի հետևանքով ավելի է սրվելու «ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը», հետևաբար՝ իրենց նպատակն է կասեցնել այդ գործընթացը։ Դաշինքում այն կարծիքին են, որ նախատեսված երթը պետք է ցույց տա, որ խոսքը զուտ մի քանի պատգամավորի կարծիք չէ, այլ հուզում է հասարակության շատ մեծ զանգվածների, և խնդիրը բավականին լուրջ է:

 

Դաշինքը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և որոշակի շտկումներ անել կապված ակցիզային հարկի և եկամտային հարկի հետ: Փաստենք, որ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են, ու հասարակական ցնցումները, այլ' «տնտեսական խելամիտ քաղաքականությունը»: Այս թանկացումները հիմնականում կապված են Հարկային նոր օրենսգրքով, և եթե այս հարցում ավելի մեծ ակտիվություն լիներ մի քանի ամիս առաջ, ներկայացվեին կոնկրետ հիմնավոր փաստեր ներկայացվեին, հնարավոր է, որ սոցիալական վիճակը վատթարացնող այդ օրենսգիրքը չընդունվեր այն տեսքով, որով ընդունվել է ներկայումս: Ըստ էության, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել գնաճի զսպման համար, այլ ոչ թե պոպուլիստական ճառեր և ամբոխահաճո տեքստեր ասելով' լրացուցիչ քաղաքական կապիտալ ապահովել:

 

Այս առիթով օրերս նախագահականում խորհրդակցություն էր անցկացվել. նախագահը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սարգսյանը պահանջել էր գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ' ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը: Նիկոլենց կողմից նման միջոցառում նախաձեռնելն ավելի շատ եղածի շուրջ արհեստական աղմուկ ստեղծելն ու քաղաքական դաշտում լրացուցիչ իմիտացիա ստեղծելն է, քան ինչ-որ լուրջ արդյունքի ակնկալիքը:

 

Այս քաղաքական ուժի բնորոշ գործելոճն է' հնարավոր նուրբ ձևով խաղալ մարդկանց զգայուն լարերի վրա և հանրային պայթունավտանգ իրավիճակներ ստեղծել (ըստ էության այդ ակցիան չի կարող էական փոփոխություն և շոշափելի հետևանք ունենալ): Ամփոփելով նշենք, որ նախօրեին ԱԺ նախագահը հայտարարեց, որ թանկացումների թեմայով հունվարի 23-ին պառլամենտում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ, որի ընթացքում շահագրգիռ կողմերն ու ոլորտային ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները: Հուսանք, որ լսումների արդյունքը կտա իր դրական արդյունքը և ժողովրդին շահերը սօասարկող հանգուցալուծում կլինի: