ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (16 հունվար 2018թ.)

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը...
Բայց այս բոլորից շա~տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան