Հունվարի 13-ին, Երուսաղեմում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կես-գիշերային զանգակահարությունը տեղի ունեցավ Վանքի Մեծ Բակում, որտեղ հավաքվել էին սաղիմահայերի մեծ բազմություն: Հնչեցին Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի մեծ զանգերը, որոնց ղողանջների ներքո Ժառանգավոր սաների կողմից «Փառք ի բարձունս» երգով ավետվեց ավանդական Նոր Տարվա մուտքը:

 


Հաջորդ օրն առավոտյան՝ հունվարի 14-ին, հին տոմարով Նոր Տարուն, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Պատարագիչն էր՝ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանը: Ընդունված սովորության համաձայն Նոր Տարվա պատարագիչ քահանան Ժամօրհնողն է լինում:

 

Պատարագից հետո Միաբանությունը, Ժառանգավոր սաները և սաղիմահայ ժողովուրդը Սուրբ Աթոռի օրհներգ հանդիսացող «Օրհնեցեք» շարականի երգեցողությամբ, թափորով բարձրացան Պատրիարքարան, ուր Սուրբ Աթոռի գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը օրհնված նարինջներ բաժանեց ներկաներին: