Իսրայելը հերթական անգամ միջամտել է սիրիական հակամարտությանը՝ աջակցելով հակակառավարական խմբավորումներին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցի ճյուղավորման: Միջադեպը գրանցվել է Սիրիայի հարավային Դարաա նահանգի արևմտյան հատվածում, որտեղ վերջին օրերին ակտիվ ռազմական բախումներ էին ընթանում ԻՊ-ին հավատարմության մասին հայտարարած «Ջայշ Խալիդ իբն Ուալիդ» խմբավորման և «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) տեղական ճյուղավորման միջև. ընդհանուր առմամբ, գործողությունները ծավալվում էին հօգուտ իսլամականների, որոնց հաջողել էր շրջանի մի քանի բնակավայրեր գրավել հակառակորդից: ՍԱԲ-ի զինյալներին աջակցության ուղարկված ավտոշարասյան շրջափակումից հետո իրավիճակին միջամտել է իսրայելական զինուժը, որին պատկանող ԱԹՍ-ների հարվածների արդյունքում իսլամականները նահանջել են:

Ընդհանուր առմամբ, Ջայշ Խալիդ իբն Ուալիդ խմբավորումը Սիրիայի այս շրջանում` Յարմուք գետի ավազանում, ամրապնդվել է դեռևս 2017 թ. փետրվարին, իսկ նախորդ տարվա ընթացքում ԻՊ տարբեր ճյուղավորումներ Իսրայելին սահմանակից Գոլանի բարձունքների սիրիական հատվածում վնասազերծել են ընդդիմադիրների շուրջ 350 զինյալի:

Իսրայելի կողմից սիրիական հակամարտությանը հօգուտ չափավոր ընդդիմադիր կառույցերի միջամտության միջադեպը եզակի չէ: Այս ուղղությամբ իսրայելական կողմի պարբերական գործողությունները փաստում են սիրիական հիմնախնդրի հարցում Թել Ավիվի ընդհանուր դիրքորոշման մասին, որը բացի Իրանի, սիրիական կառավարության և լիբանանյան «Հիզբալլահի» դիրքերի ամրապնդման դեմ գործողություններից ենթադրում է նաև Իսրայելին սահմանակից հատվածում սիրիական ընդդիմության վերահսկելի խմբավորումների վերահսկողության ապահովում: